ԱրՊՀ հոգեբանական կենտրոն
Կենտրոնի մասին
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը համալսարանական ստորաբաժանում է, որն ստեղծվել է 2018թ. օգոստոսին` որպես մասնագիտացված հոգեբանական ծառայություններ մատուցող կառույց: Նրա մշտական և ներգրավված աշխատակազմը, ՀՀ ճանաչված մասնագետների աջակցությամբ, իրականացնում է հոգեբանամանկավարժական հետազոտություններ, հոգեթերապևտիկ աշխատանքներ, ուսուցողական թրեյնինգներ` ուսանողների, զինծառայողների, կրթության ոլորտի մասնագետների, բնակչության համար:
Գործունեություն
Կենտրոնում գործում է նախակրթարանը, որը ՀՀ-ում գործող «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի մշակած և համագործակցության շրջանակներում տրամադրած դիագնոստիկ փաթեթի կիրառմամբ իրականացնում է տարբեր տարիքի երեխաների հոգեկան զարգացման գնահատում, անհրաժեշտության դեպքում` խորհրդատվություն և հոգեշտկողական աշխատանք: Այցելուների հետ հոգեբանական աշխատանքներն իրականացվում են անհատական և խմբային:
Կենտրոնում անց են կացվում թրեյնինգներ` ուսուցանելով ինքնավերլուծության, ինքնակարգավորման, ինքնատիրապետման տեխնիկաներ և հնարքներ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս հետագայում կիրառել դրանք առանց մասնագիտական օգնության:
Կենտրոնի գործունեության գլխավոր ուղղությունը ԱրՊՀ ուսանողների գիտահետազոտական և պրակտիկ կարողությունների զարգացումն է, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմատիկայի ձևավորումը և դրանց մշակման գործընթացին աջակցելը:
Համագործակցություն
Կենտրոնն ակտիվ համագործակցում է ք.Երևանում գործող նմանատիպ կենտրոնների հետ, ինչի շնորհիվ դասընթացներն ու թրեյնինգները կազմակերպվում և անց են կացվում բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: Պարբերաբար նման թրեյնինգներ են անցկացվել սպա-հոգեբանների, դպրոցների տնօրենների, ուսմասվարների, ՄԿԱԳՏ-երի, դասղեկների, հոգեբանների, հատուկ և սոցիալական մանկավարժների համար:
Մատչելիություն և զարգացում
Կենտրոնի ծառայությունները հիմնականում անվճար են: Ծախսերը փոխհատուցվում են ծրագրային ֆինանսավորմամբ: Մասնակի վճարովի ծառայությունների համար կա զեղչերի ճկուն համակարգ: Կենտրոնում մշակված է զարգացման հստակ ծրագիր, որի շնորհիվ կիրառվող հոգեախտորոշիչ, հոգեթերապևտիկ միջոց-ռումները և դասընթացները ապագայում կդառնան ավելի արդյունավետ: Զարգացման գլխավոր ուղղություն է ընտրվել Արցախի շրջկենտրոններում հենակետերի ձևավորումը, ինչի շնորհիվ նախատեսվում է ծառայությունների մատուցումը մատչելի դարձնել շրջաններում ապրող բնակչության համար:
Կենտրոնն այսօր
Մշտական աշխատակազմի և համագործակցող մասնագետների ուժերով Կենտրոնն իրականացնում է հանրային հնչեղություն ունեցող բազում ծրագրեր, այդ թվում` ՊԲ սպա-հոգեբանների մասնագիտական հավաքներ, աջակցություն Շուշիի երեխաների ցերեկային խնամքի «Շող» համայնքահեն կենտրոնին, կրթության համակարգի մասնագետների վերապատրաստումներ, այցելություններ գիշերօթիկ դպրոցներ, անհատական և խմբային խորհրդատվություններ, բաց դասախոսություններ, թրեյնինգներ և այլն:
Կենտրոնում ձևավորված է աշխատանքային, գործնական ու համագործակցային միջավայր: Շենքային համեստ պայմանները բնավ խոչընդոտ չեն հանդիսանում, որպեսզի կենտրոն հաճախեն դասախոսները և թոթափեն իրենց աշխատանքային հոգնածությունը, իսկ ուսանողները որոնեն ու գտնեն իրենց մասնագիտական հետաքրքրությունների բավարարման հնարավորությունները:
Կենտրոնի յուրաքանչյուր օրն անցնում է նորարարության, ստեղծարար մոտեցումների մշակման մթնոլորտում: Կենտրոնի յուրաքանչյուր հաջորդ օրն իմաստալից է նախորդից:
Տեղեկությունների և խորհրդատվության
համար կարող եք դիմել
ՀԱՍՑԵ`
Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ,
Տիգրան Մեծի 10,
երկրորդ հարկ,
հոգեբանական կենտրոն
ՀԵՌԱԽՈՍՆԵՐ
(374) 79 94 91 48
(374) 97 25 06 35
(374) 97319926
(374) 97729926
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
asu.hogkentron@mail.ru