Հոկտեմբերի 2-ին ԱրՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՍ նորանշանակ նախարար Նարինե Աղաբալյանը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորել է Նարինե Աղաբալյանին պատասխանատու և կարևոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և համալսարանականների անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու կրթության ոլորտի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններին:
«Հավաստիացնում ենք, որ համալսարանականներն իրենց ուժերի հնարավորության չափով մասնակից են լինելու կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացներին` ապահովելով զարգացման դրական դինամիկա»,- ասել է ռեկտորը:
«Ես իմ հարազատ կրթօջախում եմ և բնավ խորթ չեմ զգում, ընդամենը կարգավիճակի փոփոխություն, որը պարտավորեցնում է համատեղ լուծումներ գտնել ոլորտում, մասնավորապես բուհական համակարգին վերաբերող խնդիրների համար»,- նշել է ԿԳՍ նախարարը:
Ն. Աղաբալյանը, որպես բուհական համակարգի առաջնային խնդիր, ներկայացրել է համալսարանի հավատարմագրման խնդիրը. «Մենք որակի ճանաչելիության խնդիր պիտի դնենք մեր առջև, որի ճանապարհին բոլորս մեծ անելիքներ ունենք»:
Ռեկտորը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԱրՊՀ պրոֆեսոր, բ.գ.թ., գիտության վաստակավոր գործիչ Օֆելյա Բաբայանին` արժևորելով նրա գործունեությունը` որպես նվիրյալի:
Օրակարգային ութ հարցերից երկուսը վերաբերում էին մանկավարժական և արտադրական փորձուսուցման նկարագրերի և ուղեցույցի հաստատմանը, որը հաստատվեց միաձայն: Հաջորդ հարցերը վերաբերում էին կանոնակարգային և կառուցվածքային որոշ փոփոխությունների:
Ի գիտություն ընդունվեցին համալսարանի հինգ ամբիոնների նախորդ ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, որի ընթացքում հնչած խնդիրներին խոստացավ լուծում տալ ԿԳՍ նախարարը: