Արցախի պետական համալսարան

 

Nane1   Nane2

Ցանկացած մասնագիտության համար շատ կարևոր է փորձը: Առավել ևս լրագրող դառնալու համար, միայն մասնագիտական կրթությունը բավարար չէ: 

Լրագրության ոլորտում առաջին փորձերս սկսել են արդյունքներ տալ: Հասցրել եմ զգալ տպագրված նյութի պատճառած բերկրանքը... Բայց լրագրողի աշխատանքի  նրբություններին առնչվեցի բոլորովին վերջերս, երբ Արցախի ժուռնալիստների միության գրասենյակում մասնակցեցի «Ազգային արժեքների կորուստը` որպես ազգային անվտանգության խնդիր» թեմայով «Կլոր սեղանին»: Անմիջապես հատկանշեմ, որ ելույթ ունեցողները բարձրաձայնեցին հասարակությանը հուզող ուշագրավ հիմնահարցերի և դրանց լուծման ուղիների մասին: Մտքերի փոխանակության պահին ուշադրությունս գրավեցին ներկա գտնվող լրագրողները, որոնք լսում էին բանախոսներին ու պարբերաբար նշումներ կատարում իրենց նշատետրերում: Նրանց օրինակին հետևելով՝ ես նույնպես սկսեցի նշումներ կատարել: Բանախոսների ուշագրավ մտքերը սղագրում էի կամ ձևակերպում նրանց ասելիքի հակիրճ բովանդակությունը: Այժմ, երբ վերընթերցում եմ գրառումներս, զգում եմ, որ դեռ աշխատելու տեղ ունեմ...

Միջոցառման ժամանակ բանախոսներին լսելուն զուգընթաց հետևում էի փորձառու լրագրողների գործողություններին: Զարմանքով նկատեցի, որ նրանցից մեկը ընդհատեց խոսողին և հարց ուղղեց նրան: Առաջին հայացքից քաղաքավարի  չէր լրագրողի արածը, սակայն բարձրացված հարցն այնքան հրատապ էր, որ, թերևս, հապաղել չէր կարելի...

Բանախոսն իր հերթին համբերատարորեն ունկնդրեց լրագրողին և սպառիչ պատասխան տվեց բարձրացված հարցին: Իսկ լրագրողն արագ-արագ գրառեց պատասխանը: Ինձ թվում է, որ նա ընդամենը նշումներ էր կատարում, իսկ ամբողջական շարադրանքը կամ խոսքի մշակումը կկատարի արդեն միջոցառումից հետո:

Քննարկվող հարցերն, անշուշտ, հետաքրքիր ու բովանդակալից էին: Ինձ համար բազում բացահայտումներ եղան, շատ նորություններ ու տեղեկություններ իմացա, հետևաբար որոշակիորեն ընդլայնվեց իմ մտահորիզոնը: Բոլոր տեսակետներն ու կարծիքները պտտվում էին հիմնական թեմայի՝ ազգային արժեքների պահպանման անհրաժեշտության շուրջ, քանի որ դրանք  կարևոր են համաշխարհայնացման պայմաններում հատկապես փոքր ժողովուրդների գոյատևման ու ազգային ինքնության պահպանման համար:

«Կլոր սեղանի» վերջում ծավալվեց մի փոքր բանավեճ, որին մասնակցում էին նաև լրագրողները: Նրանք ասես մտել էին իրենց դերի մեջ և փորձում էին փոխել հասարակական կարծիքը: Ինձ շատ դուր եկավ նրանց համարձակությունը, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու վճռականությունը: Այդուհանդերձ, բանավեճի մասնակիցները եկան ընդհանուր հայտարարի, որովհետև ազգային արժեքների պահպանումը և հանրահռչակումը հրատապ են թե´ հասարակության և թե´ պետության համար, ասել է թե՝ գերակա շահը համախմբում է բոլորին:

«Կլոր սեղանն» ավարտվեց բարձր արդյունավետությամբ և խոր տպավորություն թողեց ինձ վրա՝ տրամադրելով կրկին մասնակցելու նմանօրինակ միջոցառումների:

Նանե Հարությունյան

Լրագրություն 1-ին կուրս