ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՈՒՍԱՆՈՂ-ԱՇԱԿԵՐՏ- ԶԻՆՎՈՐ. ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ԾՐԱԳԻՐԸ |
09.10 2017 |
ԱրՊՀ ինքնավար կառույցների 2017-2018 ուսումնական տարվա գործունեությունը նախատեսում է այցելություններ հանրապետության շրջաններ, հանդիպումներ դպրոցներում, զորամասերում և մշակութային միջոցառումներ: Այս ծրագրի առաջին քայլն արդեն իրականություն է. հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության մի խումբ անդամներ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում էին: Առաջին հանդիպումը կայացավ Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում՝ ինտելեկտուալ խաղ-մրցույթի ձևաչափով (Բերձորի, Քարեգահի ու Ներքին Սուսի միջնակարգ դպրոցների բարձր դասարանցիների մասնակցությամբ), որի հաղթողները համալսարանականների կողմից պարգևատրվեցին պատվոգրով, գրքերով, նվերներով: Խաղի մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ միաժամանակ ներկայացնելով համալսարանի կողմից կազմակերպվող ծրագրի նպատակը և տեղեկացրեց, որ մրցույթը կայանալու է բոլոր շրջաններում, իսկ եզրափակիչ փուլը, որը նվիրված է Արցախյան շարժման 30 ամյակին, տեղի կունենա Ստեփանակերտում: ԱրՊՀ-ականների նախաձեռնությունը ողջունեցին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Սիրվարդ Թամազյանն ու Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը: Նրանք կարևորեցին բուհ-դպրոց համագործակցությունն ու շնորհակալություն հայտնեցին` շրջանների աշակերտությանը ցուցաբերվող բարոյական աջակցության և ուշադրության համար: Մրցույթից հետո համալսարանականներն այցելեցին Բերձորի երեխաների խնամքի թիվ 2 հաստատություն, ծանոթացան պայմաններին, զրուցեցին սաների հետ, նվերներ հանձնեցին և հանդես եկան մանկական ժամանցային շոու ծրագրով` մեծ խանդավառություն պարգևելով փոքրիկներին: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԱրՊՀ ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի անմիջական աջակցությամբ:
|