Արցախի պետական համալսարան

20171111 182536   20171111 191822

Նոյեմբերի 11-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել  սիրված երգիչ, երգահան Վահագ Ռաշի (Վահագ Ռուշանյան) «Աշնան քամի» խորագրով  համերգը: Համերգին ներկա էին նաև  Վահագ Ռաշի հայրն ու քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը. վերջինս երեկոյի ընթացքում կատարել է իր գործերից մի քանիսը։

Վահագ Ռաշը նշել է, որ իր երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում ինչպես ծնողների, այնպես էլ իր գրած երգերը, ինչպես նաև հայ դասականների գործերի հիման վրա գրված երգեր։

«Հիմնականում  ընտրել  եմ  հայ դասականների ստեղծագործություններըքանի որ ավելի հարազատ են ինձ և ավելի հեշտ է մատուցել, որովհետև սիրված գործեր են, ինչպես նաև  նոր բանաստեղծների գործերից ինձ դուր եկածները։  Հայ դասականների բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը ուսուցողական բնույթ ունեն, քանի որ աշակերտները հիմնականում  քիչ են բանաստեղծություններ սովորում. իմ օրինակով ասեմ, որ ես էլ չէի սիրում բանաստեղծություններ անգիր անել  ու փորձում էի  նրանց հիման վրա երգեր գրել, որպեսզի հիշեմ»,- ասել  է Վ. Ռաշը և հավելել, որ ժամանակակից գրողներից դեռ միայն Տաթև Ոսկանյանի հետ է աշխատել, իսկ  հայ դասականների ազդեցությամբ էլ  սիրում է երգել հայերեն  երգեր։

Նշենք նաև, որ նրա «Ես կգամ» երգը  միանգամից հոգեհարազատ  դարձավ  հանդիսատեսին և շատերն են սպասում երգի տեսահոլովակին, որի  բառերը, երգահանի խոսքով, երկու տարի գրվել է։

«Երգի տեսահոլովակի նկարահանումները սկսել ենք այս տարվա օգոստոսին, իսկ պատրաստ կլինի հաջորդ տարվա գարնանը։ Առաջիկայում  կներկայացնեմ «Բարի արագիլ»  երգը,  նաև «Անձրև»  երգը, որը նոր է գրվում, «Երգ՝  երգի մասին»  երգը, որի բառերը մայրս է գրել»-ասաց Վ. Ռաշը և պատմեց  «Պար պսակի» երգի պատմությունը, որը իրեն և  Սոնա Ռուբենյանին առաջարկել է  կատարել Անահիտ Բախշյանը:

«Անահիտ Բախշյանի առաջարկությամբ Սոնա Ռուբենյանի հետ կատարեցինք «Պար պսակի» երգը. նա ասել է մեզ, որ այդպիսի երգ կա, որն իր մայրը երգել է կույր Պարգևի երգչախմբում և կուզենար, որ գործիքավորվի և հնչի  իմ ու Սոնայի կատարմամբ, քանի որ ոճային նմանություն կա  մեր «Համբույրի մը մեջ» երգի հետ։ Լսեցինք երգը ու հավանեցինք. ես գործիքավորեցի, Սոնայի մայրն էլ երգի բառերի շարունակությունը գրեց, և ստացանք «Պար պսակի» երգը։ Անահիտ Բախշյանը որոշեց, որ պետք է ձայնասկավառակ թողարկել ու վաճառել, իսկ սկավառակի վաճառքից էլ հավաքվեց զգալի գումար, որը տրամադրվեց վիրավոր զինվորների համար կառուցված վերականգնողական կենտրոնին»,-պարզաբանել է երգիչը և հավելել, որ այդ մի երգը շատ բաներ ստեղծեց, ու հուսով է՝  կունենա իր շարունակությունը։

Վ. Ռաշը նաև ասաց, որ Արցախի հետ կապված էքանի որ երկու տարի  այստեղ ծառայել է, իսկ Արցախ այցելելուց միշտ  դրական  էներգիա է ստանում  և  հնարավոր է առաջիկայում Արցախի բարբառով երգ կատարի։ Նա նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում նախատեսվում է մեծ համերգ։

Նշենք, որ համերգին ներկա էր նաև  Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը։

20171112 185043

Աննա Պետրոսյան

Լրագրություն 2–րդ կուրս