ԿԱՅԱՑԱՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

24.11

2017

 

IMG 1637   IMG 1582

23961169   IMG 1623

Նոյեմբերի 24-ին ԱրՊՀ-ում կայացավ Հրայր Փաշայանի «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հրավիրվածներ ՊԲ-ից, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Գրքում ներկայացված են Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից 32 ժամկետային դիրքապահ զինվորների հայրենանվեր առաքելությունը, կյանքի ու մահվան սահմանագծում նրանց պատրաստակամությունը` պարտականությունները պատվով կատարելու, հայրենիքի սահմաններն անառիկ, իսկ հարազատների անդորրն անխախտ պահելու մասին հոդվածներ:

Ներկաներին ողջունեց և գրքի հեղինակի կատարած աշխատանքը արժևորեց ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը` մասնավորապես նշելով.«Ուշագրավ աշխատանք է կատարել Հրայր Փաշայանը` իր գրքի միակ հերոսը դարձնելով Արցախի Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորին: 18-20 տարեկան այն պատանուն, ով իր վրա կրեց 2016 թ. ապրիլին նենգ հակառակորդի նախահարձակ գործողությունները և առաջխաղացումը կանխելու ողջ պատասխանատվությունը: Հեղինակը  շնորհակալ գործ է կատարել` պատմության հիշողությանը հանձնելով այն տղաների կատարած սխրանքը, ովքեր ամեն օր, ամեն վայրկյան աչալուրջ հսկում են մեր Հայրենիքի սահմանները: Հ. Փաշայանն ընտրել է հայ զինվորի փառքն ու պատիվը բարձր պահելու առաքելությունը, որի առհավատչյան այս գիրքն է»:

Գրքի մասին ելույթներով հանդես եկան ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի. գ. թ. Ա. Հարությունյանը, հայ գրականության և լրագրության ամբիոնի դասախոսներ բանասիրական գիտությունների թեկնածուներ Զ. Բալայանը, Ս. Խաչատրյանը, Զ. Սառաջյանը, հայ գրականություն մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Մելինե Պետրոսյանը:

«Ինչպես ցույց են տալիս զինծառայողների հետ ունեցած զրույցներն ու բոլոր ժամանակների ռազմարվեստի պատմության վերլուծությունները, բացի զենքից ու զինամթերքից, հաջողության հասնելու նախապայմաններից մեկն էլ մշտապես բարձր բարոյահոգեբանական որակներ ունեցող հայրենյաց պաշտպաններ ունենալն է: Ունենալով սահմանափակ մարդկային ռեսուրսներ` մենք դատապարտված ենք առաջնորդվել փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու մարտավարությամբ: Այս գիքրը դրվատանք է` ուղղված դիրքապահ հայ զինվորին»,-իր խոսքում նշեց գքրի հեղինակ Հ. Փաշայանը` շնորհակալություն հայտնելով գրքի տպագրության աշխատանքներում իրեն աջակցողներին, բանախոսներին: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը պատասխանել է ուսանողների հարցերին և հեղինակային ընծայագրով գրքեր նվիրել նրանց:

Հավելենք, որ գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: