Արցախի պետական համալսարան

 

IMG 3194   IMG 3217

IMG 3225   IMG 3200

Նոյեմբերի 30-ին ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողական ներբուհական օլիմպիադա:

Օլիմպիադային մասնակցում էին ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մաթեմատիկա. համակարգչային գիտություններ մասնագիտությունների շուրջ երեք տասնյակ ուսանողներ:

Կազմակերպիչների (ամբիոնի վարիչ Վ. Առստամյան, ամբիոնի դասախոսներ Ս. Երիցյան, Ա. Մնացականյան) խոսքով, օլիմպիադայի մասնակիցներին առաջադրվել են ալգորիթմական խնդիրներ, որոնց լուծումներն ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվելու:

«Մրցույթին առաջադրված էր 5 խնդիր: Յուրաքանչյուր խնդրի ճիշտ լուծման համար նախատեսված էր 20 միավոր` ընդամենը` 100 միավոր: Խնդիրների լուծման առանձին մասերը կգնահատվեն համապատասխան միավորներով»,- ասում է Ա. Մնացականյանը:

Վ. Առստամյանը, ում նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է կազմակերպվում ուսանողական օլիմպիադա, կարծում է, որ օլիմպիադաները շարունակական բնույթ պիտի կրեն, քանի որ այդպիսիք նպաստում են ուսանողների մտահորիզոնի ընդլայնմանն ու մտքի ճկունությանը:

«Մեր նպատակն է ձևավորել թիմ, որը կներկայացնի ԱրՊՀ-ն ու Արցախը ՀՀ բուհական օլիմպիադաների ժամանակ: Բացի այդ, բարձր ցուցանիշներ արձանագրած ուսանողներից կձևավորվի թիմ, որը կներկայանա համահայկական օլիմպիադաների ժամանակ»,- նշում է Վ. Առստամյանը:

Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները խրախուսվելու են համալսարանի ղեկավարության կողմից: