ԱՐՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԴԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

08.12

2017

 

IMG 4223   IMG 4212

IMG 4195   IMG 4167

ԱրՊՀ-ում մեկնարկել է նոր նախագիծ` «Արդիական հիմնախնդիրներ» գիտական համագործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 7-ին: Պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Նելլի Բաղդասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրի առաջին քննարկմանը հրավիրվել էին ԱՀ ԱԺ  փոխխոսնակ պ.գ.դ., պրոֆեսոր Վ. Բալայանը և անվտանգության ու ռազմական խնդիրների փորձագետ, ք.գ.թ. Հրաչյա Արզումանյանը:

Հանդիպմանը հրավիրված էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ծրագիրը հասարակական հիմունքներով գործող քննարկումների հարթակ է, որի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել համահայկական տիրույթում, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող բազմաբնույթ հարցեր, ըստ այդմ` կազմակերպել քննարկումներ` բարձրացնելով ուսանողների իրազեկվածության մակարդակն ու ձևավորել քաղաքացիական գիտակցություն: Ելնելով քննարկումներում գիտական և հասարակական լայն շրջանակներին ընդգրկելու նկատառումներից` գիտական համագործակցություն ծրագիրը  հստակ սահմանագծեր չի դնում առարկայական դիսցիպլինների միջև: Այս մասին ասել է Ն. Բաղդասարյանը` հիմնավորելով ծրագրի նպատակն ու գաղափարը:

Հանդես գալով «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. հնարավոր զարգացումներ, պատերազմի վտանգ» թեմայով դասախոսությամբ` Վ. Բալայանը նախ պատմական ակնարկով անդրադարձել է հակամարտությանը, ապա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում հիմնախնդրի ներկայիս իրավիճակին:

Խոսելով լայնամասշտաբ պատերազմի հավանականությունից` բանախոսը կտրականապես բացառում է այն` պայմանավորելով մի շարք գործոններով, որոնցից վերջինս առանձնացնում է հայկական բանակն ու ժողովրդին:

«Մի կողմից մեր պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենառազմունակն է և պետք է գիտակցել, որ այն մեր անվտանգության միակ երաշխավորն է, մյուս կողմից` ժողովուրդը, ով պատասխանատու է իր և իր ճակատագրի նկատմամբ: Մենք պետք է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում շարունակենք շենացնել մեր երկիրը»,- ասում է Վ. Բալայանը:

Գնահատելով հակամարտության արդի վիճակը և հաշվի առնելով Արցախի և Ադրբեջանի հնարավորությունները` Հ. Արզումանյանը «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով դասախոսությամբ անդրադարձել է ներտարածաշրջանային և անդրտարածաշրջանային գործոնների ազդեցությանը տարածաշրջանային արդի  քաղաքական զարգացումներին: