ԱՐՊՀ-ՈՒՄ ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

12.02

2018

 

80803   IMG 7093

IMG 7085   IMG 7076

Փետրվարի 12-ին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱրՊՀ-ականների հետ հանդիպել և դասախոսություններով հանդես են եկել շարժման առաջամարտիկները:

ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ով համանախագահում է ԱրՊՀ-ում  ստեղծված Ղարաբաղյան   շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը, կարևորում է ուսանողների շրջանում նման հանդիպումների կազմակերպումը:

«Սերունդների կապը մշտապես բարձր մակարդակի վրա պետք է լինի: Երիտասարդ սերունդը պիտի իմանա ավագների սխրանքների մասին, պիտի ոգեշնչվի նրանց գաղափարներով և գործունեությամբ, իսկ Արցախյան շարժման դեպքում` առավել ևս, քանի որ փաստացի Արցախյան շարժման առաջին զանգվածային երթը կազմակերպվել է մանկավարժական ինստիտուտի ուսանողության ջանքերով ու անմիջական մասնակցությամբ»,- նշել է պրոռեկտորը:

Այդ օրերի մասին հուշերը թարմ են ԱրՊՀ հրատարակչության բաժնի պետ Եղիշե Առուշանյանի հիշողության մեջ: Նա Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտի ուսանող էր, երբ ծայր առավ շարժումը: Ե. Առուշանյանն առաջիններից էր, ով առանց վարանելու ընկերների հետ միացավ համազգային շարժմանը, եղավ նրա առաջամարտիկը:

«Պատահական չէր, որ ուսանողությունն առաջինն արձագանքեց շարժմանը, եղավ նրա շարժիչ ուժը: Այդ օրերին ինստիտուտում շարժումը կոորդինացնում էր ԱՀ մշակույթի և երիտասարդության ներկայիս նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նրան հաջողվեց իր շուրջը համախմբել ուսանողական ակտիվին և համատեղ պլանավորել ցույց: Արդյունքում 1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողները կազմակերպված դուրս եկան Լենինի հրապարակ»,- պատմում է Ե. Առուշանյանը:

«Իսկ Լենինի հրապարակը այն ժամանակ ամրոցի խորհրդանիշ էր,-  ուսանողական տարիների ընկերոջ հուշերը շարունակում է Սերգեյ Շահվերդյանը:- Արգելված էր այնտեղ լինել տոնական օրերից բացի: Այնինչ մենք խիզախություն ունեցանք ոչ միայն դեմ դուրս գալու բուհի կառավարումն իրենց ձեռքում կենտրոնացրած ադրբեջանցի ղեկավարությանը, այլև ադրբեջանական օմոնին՝ հասնելով անձեռնմխելի թվացող կենտրոնական հրապարակ»:

Ս. Շահվերդյանը, ուսանողության հետ կիսելով 30 տարի առաջ փետրվարյան վճռորոշ օրերի հետ կապված հուշերը, ներկայացրել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքը, ղեկավար, դասախոսական և ուսանողական կազմը՝ ընդգծելով նաև, թե ինչպիսի դժվարին պայմաններում են իրենք նախաձեռնել ցույցը:

Ցույցն այլևս իրականություն էր, ցուցարարները՝ հրապարակում: Քանի որ ցույցն ու երթը ինքնաբուխ էին, ինքնաբուխ պիտի լիներ նաև հավաքվածներին կոչով դիմելը, որի պարտականությունն իր վրա վերցրեց ինստիտուտի դասախոսներից Գրիգորի Աֆանասյանը, որին էլ հաջորդեց Արկադի Կարապետյանի  «մի-ա-ցում»-ը:

«Եվ «միացումը» դարձավ և ցայսօր շարունակում է լինել հայությանը միավորող նշանաբանը»,- հաստատում է Ե. Առուշանյանը:

Նշենք, որ ԱրՊՀ բոլոր բաժիններում այսօր Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված դասախոսություններ էին վարում Ա. Թովմասյանը, Վ. Ավանեսյանը, Վ. Սաֆարյանը, Ս. Խանյանը, Ս. Շահվերդյանը, Մ. Համբարձումյանը, Շ. Աբրահամյանը, Ս. Դադայանը, Ե. Առուշանյանը, Գ. Աֆանասյանը, Ա. Մինասյանը: