Արցախի պետական համալսարան

SAM 8795   SAM 8790

SAM 8805   SAM 8835

ԱրՊՀ իրավունքի ամբիոնն իր ռազմավարական դրույթներում առանձին կետ է հատկացրել  հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը: Հավատարիմ որդեգրած քաղաքականությանը և ի նշանավորումն ԱՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրվա` իրավագիտության բաժնի ուսանողները Ստեփանակերտի հ. 10 հիմնական դպրոցում կազմակերպել են դասընթացներ:

Հաշվի առնելով երկրի մայր օրենքի կարևորությունն ու նրա նշանակությունը ժողովրդավարական երկրի կայացման և զարգացման գործում՝ ԱրՊՀ իրավագիտության բաժնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները դպրոցի աշակերտներին են ներկայացրել Սահմանադրության էությունը, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, հիմնական փոփոխությունները: Իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը, ում անմիջական նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի  իրականացվում է ծրագիրը, նշում է, որ այդպիսի միջոցառումները կարևոր են երկուստեք:

«Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության քաղաքացի պետք է իմանա երկրի մայր օրենքը, տեղյակ լինի իր ազատություններին և պարտականություններին. այս սկզբունքով է գործունեություն ծավալում ամբիոնը: Սա իրավական մշակույթի ձևավորման առաջին քայլն է, որը պետք է սկսել դպրոցից»- ընդգծում է Ռ.Առուստամյանը:

Բուհ-դպրոց համագործակցությանը միտված միջոցառմանը ոգևորությամբ են արձագանքել նաև դպրոցի տնօրենությունն ու աշակերտությունը: Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանի և ամբիոնի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  նման այցելությունները կրելու են պարբերական բնույթ: