ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԳԱ ԲԱՂՁԱԼԻ ՕՐԸ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

26.02

2018

1Hermine

Երջանիկ է այն սերունդը, ով իրեն հոգով ազատ և անկախ է զգում, ում հայրենիքը, թեև լեռների մեջ ծվարած մի փոքրիկ կղզյակ, ազատ է ու ինքնիշխան։ Մենք այսօր, իրոք, երջանիկ սերունդ ենք, քանի որ հաղթանակած իրականության մեջ ենք ապրում: Մեր սերունդը ազատատենչ, հաղթանակած ու անկախության սերունդ է:

Ասում են՝ ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է: Հիրավի, հայ ժողովուրդը շատ ու շատ հերոսներ է ունեցել: Հայրենասիրական  այն շարժումը, որը վերազարթոնք  ապրեց 1988-ին, մենք չտեսանք, սակայն մեր ծնողների, տատիկների, պապիկների պատմածներով զգացինք, թէ ինչ է նշանակում պայքարել հայրենիքի անկախության համար և միաձայն վանկարկել «մի-աց-ում»: Արցախյան ազատամարտը տվեց ազատաբաղձ քաջորդիների մի ամբողջ համաստեղություն, որոնք իրենց թափած արյամբ  վերակենդանացրին մեր հողը, որպեսզի մենք և մեր սերունդները ծլենք, ծաղկենք, զորանանք:

     Եկեք միշտ լինենք ուժեղ, հզոր և գիտակցենք, որ մենք հաղթանակած ազգի, հաղթանակած պետության, հաղթանակած քաղաքացին ու զինվորն ենք, քանզի մենք ենք մեր պետության ապագան կառուցողը, և մեզնից է կախված մեր երկրի  վաղվա  օրը:

   Մենք կայացած պետության սերունդ ենքծնվել  ենք անկախ  Արցախում, և ապրում ենք «Արցախն  իմ հայրենիքն է» գիտակցությամբ, և նոր  սերունդն այս ամենն   ապացուցեց ապրիլյան դեպքերի ժամանակ: Նոր սերունդը նույնպես պայքարեց ու հաղթանակեց: Փետրվարի 13-ին՝ 30 տարի անց,  երթով անցնում էր անկախության սերունդը, նրանց ձայնը խրոխտ էր, նրանք պահանջատեր են։ Այս սերունդն է, որ այսօրվա և վաղվա օրն է կերտելու, այս սերունդն է, որ քառօրյա պատերազմում իր կյանքն առանց վարանելու տվեց հանուն հայրենիքի։ Այս սերունդն է, որ իր ձայնն է միացնելու Ծիր Կաթինում բազմած բյուրավոր հայ հանճարների ձայնին:

    Այսօր իմ սերնդակիցներին է վիճակված անկոտրում Արցախի զինվորն ու տերը լինելը։ Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից։ Պատմության   դասերը մեզ սովորեցրել են մի պարզ բան.  վստահել  միայն  սեփական ուժերին, երբեք չսպասել օտարների ողորմածությանը, ինչպես                                                                                                                      Ե. Չարենցն  է ասել.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը  քո հավաքական ուժի մեջ է»: Արցախյան  գոյամարտն ու  նրա  հաղթանակը դրա   վառ  ապացույցն  է:

    Այդ  գոյամարտում  հաղթեցինք, քանի  որ  միակամ  էինք, բռունցքվել էր  ողջ  հայությունը: Քաջարի  ավագ  սերունդն  էլ ունի արժանի  հերթափոխ:

   Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը, հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։ Ես հավատում եմ այդ բաղձալի օրվան:

                                                   Հերմինե Հովհաննիսյան

Հ. լ. և գրակ., մագիստր., 1-ին կուրս

Обновлено 26.02.2018 12:36