ԱՐՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

13.03

2018

IMG 9278   IMG 9262

IMG 9281   IMG 926966

Մարտի 12-ից 16-ը ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մանկավարժության ու հոգեբանության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է հոգեբանական հերթական դասընթացը, որը վարում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ. Աննա Առաքելյանը:

Դասընթացը նախատեսված է ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի և հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար: Քննարկվող հարցերի շրջանակները ներառում են հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանությունը և հոգեբանական պրակտիկումը:

«Ողջունելի է Արցախի մայր բուհի` հայաստանյան մասնագետների ներգրավմամբ հոգեբանական դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը: Սա մի կողմից կնպաստի դասընթացի մասնակիցների որակավորմանը, մյուս կողմից` միջհամալսարանական կապերի ընդլայնմանը: ՀՊՄՀ-ն մշտապես պատրաստակամ է իր հնարավորություններով լինելու գործընկեր բուհի կողքին»,- ասել է Աննա Առաքելյանը:

«Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն» թեմայի շրջանակներում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հոգեբանական հետազոտությունների կազմակերպումը, փուլերը, նպատակն ու խնդիրները, օբյեկտը, առարկան, վարկածը, մեթոդների ընտրությունը, արդյունքների մշակումը և այլն, «Հոգեբանական պրակտիկում»-ի շրջանակներում` ուշադրության ուսումնասիրության մեթոդները,  հիշողության, մտածողության և երևակայության ուսումնասիրության մեթոդները, անձնային գծերն ու հատկությունները, նյարդային համակարգի հատկություններն ու բնավորությունը: