Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում մարտի 23-ին ԱրՊՀ-ում հյուրընկալված «Kuhner Foundation»-ի հիմնադիր անդամները կենսաբանության ամբիոնին նվիրաբերել են լաբորատոր սարքավորումներ:
«Kuhner Foundation»-ը հիմնադրվել է 2013 թվականին` երեք ուսանողի նախաձեռնությամբ: Հիմնադրամի անդամները Շվեյցարիայի նույն համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ են, որոնց միավորել է հումանիտար օգնության գաղափարը: Լաուրան, Գիֆթին և Թիմը լաբորատոր սարքավորումներ են հայթայթում` ուղղելով դրանց կարիքն ունեցող գիտակրթական հաստատություններին:
ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ներկայացնելով հիմնադրամի անդամներին, ընդգծում է հատկապես նրանց տարիքն ու կարգավիճակը` հորդորելով համալսարանականներին հետևել նրանց օրինակին և նախաձեռնողականություն ցուցաբերել հանրօգուտ աշխատանքներում: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել ոչ միայն հիմնադրամի անդամներին, այլև «Abtek» կազմակերպության անդամ Մ. Տամարկինին և ոչ ֆորմալ կրթության ծրագրի համակարգող Կարեն Օհանջանյանին:
«Kuhner Foundation»-ի անդամները ներկայացրել են հիմնադրամի նպատակները, խնդիրներն ու անելիքները: Անդրադառնալով իրենց գործունեությանը` Լորան ասում է, որ նվիրատվությունը հիմնադրամի առաջին գործնական քայլն է, որին նախորդել են ջանադիր աշխատանքներ: Հիմնադրամի անդամները խոսել են Արցախի և Շվեյցարիայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական բազմաթիվ ընդհանրությունների մասին` կարևորելով կրթության դերը:
«Արցախը և Շվեյցարիան բնական ռեսուրսներ չունեցող, զարգացած երկրների հարևանությամբ ապրող երկրներ են, որոնց զարգացումը կարող է պայմանավորվել միայն մարդկային կապիտալի ճիշտ ուղղորդմամբ: Այս երկրներում գերագույն արժեքը կրթությունը պիտի լինի»,- համոզված են երիտասարդները:
Հանդիպման վերջում ռեկտոր Մ. Մինասյանը պատվիրակներին խորհրդանշական նվերներ է հանձնել: