ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԱրՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

03.04

2018

There are no translations available.

rektorpp  IMG pp6674

IMG pp6691  IMG pp6697

Արցախի պետական համալսարանը, կարևորելով միջազգային համագործակցությունը, ռազմավարական ուղղություն է համարում միջազգային կապերի զարգացումն ու խթանումը: Այս ուղղությամբ հատկապես  վերջին տարիներին գործուն քայլեր են կատարվել, որի արդյունքում ԱրՊՀ գործընկեր բուհերի թիվը հասել է գրեթե երեք տասնյակի: Օրերս գործընկեր բուհերի թիվը համալրվեց ևս մեկով:

Մարտի 26-ին համագործակցության հուշագիր կնքվեց Արցախի պետական  և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանների միջև, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությունը, զարգացնել երկու համալսարանների միջեւ գիտական ու կրթական շփումները, իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր ուսանողների եւ դասախոսական կազմի համար, համագործակցել հայագիտության բնագավառում: Նշենք, որ երկու բուհերի միջև համագործակցությունն ակտիվացել և պայմանագիրը ստորագրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի աջակցությամբ:

«Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության հուշագրի կնքումը կարևոր իրադարձություն է Արցախի պետական համալսարանի կյանքում: Սա այն համագործակցություններից է, երբ գործնական քայլերն սկսվել են դեռևս մինչև հուշագրի պաշտոնական կնքումը: Վստահ ենք, որ  մեր համագործակցությունը հուշագրի ստորագրումից հետո կտեղափոխվի ավելի ակտիվ, իրավական և գործնական հարթություն»,-կարևորելով հուշագրի ստորագրումը` նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և խոսել համագործակցության շրջանակներում կատարված գործուն քայլերից` առանձնացնելով հատկապես ուսանողների փոխանակման ծրագրով ԱրՊՀ երկու  ուսանողների ուսումնառության իրողությունը Պիտեր Պազմանի համալսարանում:

ԱրՊՀ ուսանողուհի Անի Հարությունյանը համագործակցության շրջանակներում երկու կիսամյակ ուսումնառություն է ստացել գործընկեր բուհում.

«Ուսում ստանալով ՊՊԿՀ-ի հայագիտության բաժնում՝ հայագիտության և, ընդհանուր առմամբ, պատմության բնագավառում ես կարողացա զինել իմ գիտելիքները արժեքավոր պաշարներով, գիտահետազոտական վերլուծություններով»,-ասում է Անի Հարությունյանը և խոստովանում, որ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսումնառությունը նրա համար կյանքի շրջադարձային էջերից մեկն է` ընդգծելով  նաև  Բալինտ Կովաչի ներդրումն ու  հետազոտությունների բացառիկ արժեքը հայագիտության բնագավառում:

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի  40 հոգանոց պատվիրակության այցը Արցախ` ՊՊԿՀ հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հայագետ Բալինտ Կովաչի գլխավորությամբ, որն արդեն երրորդ անգամ է ուսանողների մեծ խմբով այցելում Արցախ: Պատվիրակության կազմում էին դասախոսներ, ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, որոնց հետաքրքրում է Արցախը և Ղարաբաղյան հակամարտությունը: Մարտի 30-ին պատվիրակությունը ԱրՊՀ ղեկավարության և ուսանողության հետ հանդիպում ունեցավ ԱրՊՀ-ում: Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը և Բալինտ ԿովաչինԱրցախի պետական համալսարան այցելելու և երկու համալսարանների միջև ակտիվ կապը ապահովելու  համար: «Ուսումնասիրելով ձեր համալսարանի պատմությունը` նկատելի է մեր և ձեր բուհերի ընդհանրությունն այն առումով, որ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը ևս ստեղծվել է ձեր` հունգար ժողովրդի համար բավականին բարդ պատմաքաղաքական իրավիճակում, երբ ձեր ժողովուրդը  Օսմանյան կայսրության տարիներին պայքարում էր սեփական, ազգային ինքնությունը պահպանելու համար: Գրեթե նույն իրավիճակում ստեղծվել է մեր համալսարանը: Եվ այս առումով նույն առաքելությունն ենք կատարել բավական տևական ժամանակ»,-դիմելով գործընկեր բուհի պատվիրակներին` ասել է ԱրՊՀ ռեկտորը:

«Ես շատ եմ սիրում Արցախը: Ուրախալի է, որ մեր շփումները համագործակցության հուշագրի ստորագրումից հետո ավելի պաշտոնական կլինեն և ակտիվ: Մեր ուսանողների համար այս այցելությունը նաև պատմաճանաչողական է: Մինչև հիմա հունգար երիտասարդները  ինչ լսել են, կարդացել են  Արցախի մասին, այժմ տեսնում են իրենց աչքերով, որ Արցախում մշակույթը  քրիստոնեական է և հայկական, ինչը շատ կարևոր է: Եվ եթե մենք ուզում ենք հայկական մշակույթը հասկանալ, անպայման պետք է Արցախ այցելենք»,-ասում է Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, հայագետ, պրոֆեսոր Բալինտ Կովաչը:

Երիտասարդ հունգար հետազոտող Կիշ Գերգեյը գիտական աշխատություն է գրում Արցախի մասին և այդ ուղղությամբ գիտելիքներն ավելի խորացնելու նպատակով երկու շաբաթ բնակվելու է Ստեփանակերտում` ԱրՊՀ ուսանողական հանրակացարանում: Նրա խոսքովնպատակ ունի հայագիտության բնագավառում գործունեություն ծավալելու, գիտականորեն ուսումնասիրելու Ղարաբաղյան հիմնախնդիրը և իր խոսքն ասելու աշխարհին, ինչին մեծապես կնպաստի երկու բուհերի համագործակցության ընդլայնումը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա Հունգարիայում հայագիտության  զարգացման համար:

Հավելենք, որ ըստ համաձայնագրիբացի  հայագիտությանը վերաբերող կրթական և հետազոտական գործունեության իրականացումից, գործընկեր բուհերը կարող են նպաստել նաև  այլ բաժինների, հաստատությունների, ֆակուլտետների և հետազոտական կենտրոնների համագործակցությանը: