«ՏԱՐԱԾՔԸ, ՈՐԻ ՎՐԱ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ, ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՈՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ». ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂ

04.04

2018

There are no translations available.

IMG ap6837 IMG ap6882

IMG ap6909 IMG ap6916

Ապրիլի 4-ին ԱրՊՀ-ում կազմակերպված միջոցառումը հերթական առիթն էր` մեծարելու ապրիլյան ռազմագործողությունների մասնակից ԱրՊՀ ուսանողների սխրանքն ու հարգանքի տուրք մատուցելու հավերժի ճամփան բռնած ուսանողների հիշատակին:

Միջոցառմանը հրավիրված էին ռազմագործողությունների մասնակիցներ, հյուրեր ՊԲ-ից, համալսարանականներ, ովքեր նախքան միջոցառման մեկնարկը հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Միջոցառման ընթացքում գնահատականներ տրվեցին 2016 թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմին, խոսվեց վտանգի պահին հայի բռունցքվող տեսակի, նրա անկոտրում կամքի և այն հերոսական հատկանիշների մասին, որ ժառանգել է ներկայիս սերունդը:

ՊԲ հոգևոր պատասխանատու Սարգիս սարկավագն իր ելույթում վերահաստատեց երիտասարդ սերնդի սխրանքը՝ նկատելով, որ հաճախ պատմության էջերում անմահացած մարտիկների ժամանակակիցը լինելու ցանկություն է լինում, այնինչ մենք  մերօրյա իրական հերոսների ժամանակակիցն ենք և ապրում ենք նրանց հետ կողք կողքի:

«Քառօրյա հերոսամարտը սթափեցնող դաս պետք է լինի` գիտակցելու, որ մենք ենք տերը այս պետության, մենք ենք  կրողը այս հայրենիքի, և մենք ենք ապագան թելադրող սերունդը, ուստի բոլորս միասնաբար աղոթենք պիտի առ բարձրյալն Աստված, որ արմատակալի հայրենասիրության վեհ զգացումը»,- նշել է  հոգևորականը:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ  գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանն իր խոսքում կարևորել է ԱրՊՀ ուսանողության դերը ապրիլյան օրերին, երբ տղաները առաջին իսկ պահին կամավորագրվել, շտապել են առաջնագիծ, իսկ աղջիկները թիկունքի աշխատանքներին էին ակտիվ մասնակցում:

ԱրՊՀ ուսանողներից Բենիկ Համբարձումյանը 2016-ի ապրիլին սահմանին էր:

«Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող երիտասարդի արյուն է թափվել, հայրենիք  է, որը չեն զիջում. սա է այն փորձաքարը, որով ազգը տարբերվում է բնակչությունից: Երբ ազգը դառնում է բանակ, նրան հաղթելն անհնար է»,- ասում է պատերազմի բովում ազգային ինքնագիտակցությունը կոփած երիտասարդը՝ կոչ անելով ամուր պահել հայի հավատն ու բազմապատկել ազգային ներուժը:

Միջոցառման ընթացքում կենդանի կատարումներով հանդես է եկել ՊԲ «Ասպետ» համույթը, իսկ ավարտին ցուցադրվել է ԱրՊՀ ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի կողմից մեկ տարի առաջ նկարահանված «Խիզախում» ֆիլմը, որտեղ ապրիլյան պատերազմի մասնակից ԱրՊՀ ուսանողները պատմում են պատերազմի մասին: