«ԵԹԵ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂԱՆԱ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԵԼ ԻՐ ԽԻՂՃԸ, ԵՍԸ ԵՎ ԲՆԱԶԴՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ, ԶԵՐԾ ԿՄՆԱ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ». ՀՈԳԵԲԱՆ

05.04

2018

IMG l1464 lid29745789 163360681145958 14603706 n

ԱրՊՀ լրագր. բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդիա Սահակյանը զրուցել է  հ.գ.թ., դոցենտ, հոգեբան Լուսինե Ղարախանյանի հետ հոգեբանական արդիական հնչեղություն ունեցող մի շարք հարցերի շուրջ: Ձեզ ենք ներկայացնում զրույցը:

 Տիկին Ղարախանյան, ինչպե՞ս ընտրեցիք  հոգեբանի մասնագիտությունը:

Դեռ փոքրուց` միջին դպրոցական տարիքում, երազում էի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և պատկերացրեք՝ բնագրով ընթերցել էի Պուշկինի, Տուրգենևի , Լերմոնտովի համարյա բոլոր գործերը: Նույնիսկ անգիր սովորում էի և՛ ռուսերեն, և՛ հայերեն տարբերակները , հավաքում էի գյուղի երեխաներին , նստեցնում  և դասավանդում էի ռուսերեն քերականություն:

 Երբ ավարտեցի դպրոցն ու եկա ընդունելության դիմում գրելու, լրիվ  պատահականորեն տեսա, որ բոլոր տեղերը վճարովի ուսուցման համակարգով են: Եվ լրիվ պատահականորեն ընտրեցի հոգեբանությունը, քանի որ  միայն վերջինս էր անվճար հիմունքներով : Այնուամենայնիվ, չեմ դժգոհում, ավելին՝ գոհ ու շնորհակալ եմ ճակատագրից. ասում են՝ կյանքը պատահականություններ չի մերժում :

Ինչպե՞ս եք սկսել աշխատել հոգեբանության  ոլորտում : Ո՞րն էր Ձեր առաջին փորձը:

Մագիստրատուրան ավարտելուց հետո, ինչ-որ ծարավ  զգացի, և այդ ծարավը հագեցնելու ներքին ուժեղ մղում: Լրացրեցի այդ տարածքը` ասպիրանտուրա ընդունվելով: Այդ ուսումնառության տարիներին սկսեցի ուսումնասիրել միջէթնիկական ստերեոտիպերը, սա ժողովրդական դիվանագիտության հոգեբանական սպեկտորի առաջին փորձն էր , որ արվել է հայ ադրբեջանական հարաբերությունների օրինակով:

Իմ առաջին փորձը ադրբեջանական թևավոր խոսքերի, ասույթների, օրորոցային երգերի հոգեբանական կոնտեքստի վերհանումն էր: Մի բան, որն այսօր խիստ արդիական է, թուրքի տեսակը հասկանալու և նրա հետ հնարավոր վարքային կանխատեսումներ անելու համար: Մի խոսքով ՝ հոգեբանությունը պետք է բանակցության ոլորտում: Դա իմ առաջին փորձն էր: Իսկ անհատական դաշտի իմ առաջին այցելուին, անկեղծ ասած չեմ հիշում:

Տարիքային ո՞ր կատեգորիայի մարդիկ են դիմում  Ձեր օգնությանը: Ու՞մ հետ է ավելի դժվար աշխատել :

Առնչվել եմ երեք տարիքային խմբերի.  առաջինը՝ կրտսեր դպրոցական տարիքն է: Այս տարիքում վախի որոշ կատեգորիաներ գլուխ են բարձրացնում երեխայի մոտ: Առնչվել եմ ճգնաժամային կոչվող, երեսուն - երեսունմեկ տարիքի, ամուսնացած կանանց հետ, ովքեր հայտնվում են կրիտիկական վիճակի մեջ, և չեն կարողանում հաղթահարել: Կա նաև երրորդ (նույնպես կրիտիկական) փուլ ՝ վաթսունի մոտ կանայք , ովքեր կլիմատերիկ սինդրոմ են ապրում, չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել, և դիմում են հոգեբանի օգնությանը: Նրանք երբեմն կարծում են, թե սխալ են ապրել , այդ պատճառով աշխատանքն այդ խմբի հետ համեմատաբար դժվար է:

Դուք գործ ունեք նաև ուսանողության հետ. Ինպիսի՞նն է ժամանակակից երիտասարդը: Ո՞րն է տարիքային այդ խմբի  հոգեբանական ամենատարածված խնդիրը: Ի՞նչ  խորհուրդ կտայիք նրանց:

Հոգեբանության մեջ կա երևույթ՝ չքաղաքակրթված ակտիվություն: Մենք ունենք շատ ակտիվ, եռանդուն , համարձակ , անբռնազբոս երիտասարդ խավ: Սակայն նրանք ունեն մի թերություն՝  չունեն անհրաժեշտ ռեսուրսներ, բայց ունեն մեծ հավակնություններ: Իհարկե, ասածս վերաբերում է ոչ բոլորին, բայց հիմնականում այս միտումը կա: Այսինքն կա հավակնությունների մեծ մակարդակ , որը  չի ներդաշնակվում դրան համարժեք հնարավորություններին:

Մեր երիտասարդներն ունեն ընթերցանության պակաս, որից առաջանում է արժեքների վակուումային դաշտ: Երիտասարդության մեծամասնությունը չէ, ցավոք, սրտի , որ ունի ուժեղ արժեքային դաշտ: Այդ դաշտը այսօր տեսակը, դիմագիծը պահպանելու ամենակարևոր գործոնն է: Մենք ունենք բարձր գաղափարախոսություն ունեցող երիտասարդների զգալի պակաս: Սա ոչ միայն Արցախի և Հայաստանի հանրապետության օրինակ է, այլև վերաբերում է ողջ աշխարհին: Եվրոպայում վտանգավոր տենդենց է սկսել, այն է՝ ինքնության կորուստը, երբ մարդն աշխարհաքաղաքացի է դառնում: Վերջինս շատ վտանգավոր երևույթ է  փոքր ազգերի , հատկապես՝ մեզ համար: Մենք պետք է ամեն կերպ ձգտենք ինքնության և տեսակի պահպանմանը, որովհետև փոքր ազգերը, կարող է թվալ՝ գլոբալիզացման ակունքներում կուլ կգնան, բայց իրականում, գուցե կասեք՝ ռոմանտիկ է, բայց մենք ոչ թե համահարթեցվող, այլև համահարթեցումը փրկող ազգերից ենք: Եվ ես հպարտությամբ եմ նշում, որ մենք ակմե ազգերից ենք(հայեր, հույներ, հրեաներ) , որոնց վրա ստեղծվել է աշխարհը : Մենք քաղաքակիրթ ազգ ենք, և դատապարտված ենք պահելու քաղաքակրթության այդ մակարդակը: Եթե ոչ՝ բնական արևի և լույսի  տակ ապրելու իրավունք չենք ունենա:

Մեր երիտասարդությանը կոչ կանեի՝ որքան հնարավոր է բարձր գաղափարախոսության ջատագովներ դառնան, աշխատեն իրենց արժեքային դաշտի և ազգային ինքնության վրա. եթե տեսակը տարրալուծվում է՝ մարդը դադարում է գոյություն ունենալ :

Մեր քաղաքում կա՞ն ակումբներ, որտեղ անց են կացվում սեմինարներ, թրեյնինգներ, որոնց շնորհիվ մարդիկ կկարողանան հոգեբանական աջակցություն ստանալ:

Ես տեղյակ չեմ, գուցե կան, բայց Արցախի պետական համալսարանում բացվել է հոգեբանական կենտրոն, որտեղ Հայաստանի Հանրապետությունից հրավիրվում են հայտնի, հեղինակավոր մասնագետներ, ովքեր տեղի մասնագետների ուժերով համատեղ պարբերաբար  անց են կացնում թրեյնինգներ :

Առաջիկայում ես անց եմ կացնելու մանկական վախերի հաղթահարման թրեյնինգ,      որին կարող են մասնակցել մայրիկներ, ուսուցիչներ, ովքեր չեն կարողանում  հասկանալ երեխայի ներքին տագնապների էությունը , և՝  ինչի է բերում տագնապը:

Ի՞նչ խորհուրդ կտայիք հոգեբանական և առողջական խնդիրներից խուսափելու համար:

Ցանկացած ֆիզիոլոգիական հիվանդությունում կա հոգեբանական կոնտեքստ: Նույնիսկ անպտղությունը, եթե ֆիզիոլոգիական դաշտում մաքուր է, ունի հոգեբանական պատճառ: Նաև բոլոր սրտանոթային հիվանդությունների ետևում կա հոգեբանական գործոն: Օրինակ՝ չափազանց նախանձ, ագրեսիվ և չարատիպ մարդիկ հակված են սրտանոթային համակարգի հիվանդությունների: Հիմնականում գծուծություն ունեցող մարդիկ սովորաբար ունենում են աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Ինքը դարը՝ լարվածության դար է: Մարդիկ անկանոն հոսքերի  տեղեկատվության, արժեքների պակասի ֆոնի վրա, ակամա ընկնում են ցայտնոտային լարված վիճակի մեջ:  Խորհուրդ կտայի մարդկանց ապրել որքան հնարավոր է լարվածությունից զերծ: Եթե մարդը կարողանա հավասարակշռել իր խիղճը, եսը և բնազդների ոլորտը, զերծ կմնա հոգեբանական լուրջ խնդիրներից: Խորհուրդ կտայի որքան հնարավոր է զբաղվել ինքնաճանաչմամբ և ինքնավերլուծությամբ, որպեսզի չառնչվել սուր հոգեբանական խնդիրների:

Դուք օգնում եք մարդկանց հաղթահարել սթրեսային իրավիճակները : Իսկ ինքներդ երբևէ  դիմել ե՞ք  հոգեբանի  օգնության :

Ընդհանրապես, բոլոր հոգեբանները պետք է պարբերաբար այցելեն հոգեբանների : Սա սուպերվիզիայի երևույթն է: Երբ հաճախակի ես այցելուներ ընդունում, պետք է ինքդ էլ ժամանակ առ ժամանակ դիմես հոգեբանի օգնությանը: Ցավոք սրտի , ինքս երբևէ դիմած չկամ, բայց , ամենայն անկեղծությամբ նշեմ, որ ունեմ դրա կարիքը: Բայց, հավելեմ նաև, որ իմ ամենամեծ հոգեբանն ու խորհրդատուն Արարիչն է:

Ըստ Ձեզ` ո՞րն է հաջողության գրավականը հոգեբանությունում : Ի՞նչ բանաձևով եք առաջնորդվում :

Բոլոր գործերում ես պահպանում եմ բարոյականության և ճշտի ցուցիչը: Չեմ խաբում ինքս ինձ և ոչ էլ այցելուին: Հոգեբանության մեջ կա այսպիսի սկզբունք՝ իրականության բանաձև, երբ մենք իրականությունից հեռացած այցելուին բերում ենք իրականություն: Սա ռացիոնալ թերապիան է Էլիսի, որը ես օգտագործում եմ իմ այցելուների հետ աշխատելիս, փորձում եմ նրանց բերել իրականության դաշտ՝ որտե՞ղ ենք մենք, ո՞վ ենք, ի՞նչ ենք անում, ի՞նչն ենք սխալ անում  և ի՞նչ պետք է անենք, որ չենք անում : Որքան էլ դառը լինի և տհաճ, այցելուն պետք է լավ պատկերացում ունենա ՝ ով է նա , որոնք են նրա հնարավորությունները, ի՞նչ է կորցրել և ի՞նչ կարող է գտնել կյանքը իմաստավորելու համար: Մարդ չպետք է հեռացնի իրականությունը իր իրական հնարավորություններից ու կարողություններից: Կոնգրուենտության այս սկզբունքի պահպանումը հոգեկան առողջության գրավականն է: Յուրաքանչյուր գործ պետք է խարսխված լինի ճշտի, ռացիոնալի , ողջամտության և բարոյականության վրա, այլապես  մենք դատապարտված ենք ձախողման:

 

Обновлено 05.04.2018 08:00