ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.04

2018

sharjum   sharjum1

sharjum2   sharjum3

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի շրջանակներում ապրիլի 12-ին մասնակիցների հետ հանդիպում են ունեցել շարժման մի խումբ առաջամարտիկներ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը առաջամարտիկներին ներկայացնելիս ընդգծել է այն հանգամանքը, որ նրանց միավորում է ոչ միայն այն, որ ուսանողական ակտիվ կյանքը հետագայում հաջողությամբ կարողացել են վերածել պաշտոնական ոլորտում հաջողությունների` ի նպաստ Արցախի պետականաշինության, այլև դեռ ուսանողական տարիներից միասին են կռել Ղարաբաղի ապագան՝ 88-ին ներգրավված լինելով ուսանողական ակտիվիստների շարքերում:
Հրավիրվածները՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյան, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյան, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյան, ԱրՊՀ հրատարակչության բաժնի պետ Եղիշե Առուշանյան. մարդիկ, ովքեր 88-ի շարժման և առաջին զանգվածային երթի անմիջական նախաձեռնողներից ու նախանձախնդիրներից էին, ուստի միմյանց շարունակելով պատմեցին պատմական այդ օրերի մասին, ներկայացրին ուշագրավ դրվագներ, նաև պատասխանեցին քննարկման մասնակից ուսանողների հարցերին:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Ս.Շահվերդյանը, խոսելով 88-ի պոռթկման մասին, նկատում է. «Ղարաբաղյան շարժումը շարունակական գործընթաց է: Այն սկիզբ է առել 1921 թվականին, երբ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Իսկ 88-ը շարժման զարթոնքի փուլն էր: Շարժումն այսօր էլ շարունակվում է՝ որակական և գաղափարական որոշակի փոփոխություններով»:
Խոսելով հակամարտության կարգավորման ուղիների շուրջ` բանախոսները շեշտադրեցին «Ոչ մի թիզ հող թշնամուն» գաղափարը և ընդգծեցին, որ մենք դեռ տարածքներ ունենք վերադարձնելու, և այստեղ հատկապես անելիքներ ունի երիտասարդությունը: 
Հավելենք, որ կլոր սեղան-քննարկումից հետո ֆորումի մասնակիցներն ուղևորվել են քաղաք Շուշի` վայելելու մշակութային ծրագիր ու արցախյան հյուրասիրություն: