Կրթության, գիտության և սպորտի նախարարության հրավերով Արցախում էին Բյուրականի աստղագետները: Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ Բյուրականի աստղադիտարանը իրականացնում է նաև մասսայական կրթական ծրագրեր: Նախատեսվում է այդ ծրագրերում ընդգրկել նաև Արցախի դպրոցականներին ու երիտասարդներին: Արտագնա դասախոսություների ձևաչափով նրանք հանդիպել են նաև Արցախի մայր բուհի ուսանողների հետ:
Արտագնա դասախոսությունները Բյուրականի աստղադիտարանի և հայկական աստղագիտական ընկերության համատեղ նախագիծն է: Արցախի մայր բուհում ուսանողների հետ հանդիպումը նպատակ ունի ուսանողների շրջանում հանրամատչելի ձևով ներկայացնել աստղադիտարանի մասին տեղեկատվություն, խոսել գիտական կենտրոնի նվաճումներից և աստղագիտության ներկայիս խնդիրներից: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ցավով է նշում, որ աստղագիտություն առարկան դարձել է այլընտրանքային, և կանոնավոր դասաժամեր չեն հատկացված աստղագիտությանը: 9-րդ դասարանում ընդամենը մի բաժին է հատկացված աստղագիտությանը, այն էլ, ըստ աստղագետի, շատ հաճախ ուսուցիչները օգտագործում են ֆիզիկայի լրացուցիչ պարապմունքների համար: Այդ ամենը հաշվի առնելով բացը փորձում են լրացնել իրենք՝ աստղագետները: Կապը Բյուրականի աստղադիտարանի հետ ամրապնդելու նպատակով աստղադիտարանի մասսայական կրթական ծրագրերի շրջանակում Արցախի երիտասարդները հնարավորոթյուն կունենան այցելել Բյուրական: Արցախի դպրոցականները կարող են մասնակցել Բյուրականի գիտաճամբարներին: Այն 5-րդ տարին է, որ գործում է: Այցի ընթացքում նախարարի հետ քննարկվել է նաև համալսարանի աստղադիտակի տեղափոխման հարցը:
Գոհար Ռուստամյան