ԱրՊՀ ղեկավարության հրավերով այս օրերին համալսարանի մի խումբ դասախոսների հետ հանդիպում է ունեցել ՀՀ ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը:
Ներկայացնելով Ա.Բաղդասարյանին՝ ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը նկատում է, որ գիտելիքների ստուգման թեստային եղանակին անցնելու ժամանակ նպատակահարմար են գտել մասնագետ հրավիրել՝ ուղղորդելու գործընթացը:
«Համապատասխան մասնագետ հրավիրելով` նպատակ ունենք ձևավորելու հանձնախումբ, որը կզբաղվի առարկայական թեստերի որակի բարելավմամբ: Այսինքն՝ դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն թեստեր կազմելու հմտություն, որը և կփոխանցեն գործընկերներին»,- ասում է Գ.Սահակյանը:
«Թեստավորումը դիտարկվող ոլորտում գնահատման այնպիսի գործիքների ստեղծումն է, որը հնարավորություն կտա առավելագույնս ճշգրիտ հաշվարկելու գիտելիքի չափն ու աստիճանը»,- ասում է Ա.Բաղդասարյանը և խոստանում կարճ ժամանակահատվածում հնարավորինս լայն պատկերացում տալ թեստաբանության պահանջների վերաբերյալ:
Նշենք, որ դասընթացները տևելու են երեք օր՝ ներառելով ներկայացուցիչներ բոլոր ամբիոններից: