ՄԵԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

17.05

2018

thumb  uploads countries azerbaijan Stepanakert sz sz ded-baba    

Արևոտ օր է. երկնքում ոչ մի ամպ չկա, իսկ մոր սիրտը ամպախեղդ է լինում: Դիմացի ծառին  մի թռչուն է լալիս: Մենակ է, ու այնքան  թախծոտ է նրա երգը: Ինչո՞ւ է մենակ: Ո՞ւր է իր Արցախը, ե՞րբ   կվերադառնա… Մոր սիրտը լի էր արցունքներով, երբ որդին գնաց հեռու-հեռուներ: Նա գնաց պաշտպանելու հողը հայրենի՝ իր հետ տանելով մայրական սիրտը, որն ամեն րոպե դողում էր: Պատմության հերոսներն են Երևանն ու Արցախը:

Երևանն՝ իր մինուճար որդուն սպասող մայրն է, իսկ Արցախը՝ այն քաջարի զիվորը, ով հանուն հայրենիքի գնաց պատերազմ:

-Իմ Արցա՛խ, հիշի՛ր, քո և զինակից ընկերներիդ շնորհիվ ենք մեզ ապահով ու հանգիստ զգում, մեր երկիրը ձեզանով է ուժեղ: Իմ մայրական օրհնանքը Քեզ պահապան, որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ, թող քո կյանքի բոլոր արշալույսները խաղաղ լինեն:- Երևանի արցունքները թրջեցին նամակը, սիրով և զգուշությամբ   ծալեց, որպեսզի ուղարկի իր որդուն:

   Երևանը, նստած այգում, կարոտով լի սրտով, սպասում էր իր   որդու վերադարձին: Հիշում էր   Արցախին փոքր տարիքում, նրա պատանեկությունն ու անհոգ կյանքը, երբ մայր ու որդի միասին էին: Այսպես ամեն օր գնում էր այն տեղը, որտեղից ճանապարհել էր նրան: Տարիներն անցնում էին, բայց նա, ամեն օր մենակ վերադառնալով, հույսը չէր կորցնում: Միասին էին` մինչև եկավ անմարդկայինը: Երևանը չի մոռանում իր որդուն և հույսը չի կորցնում: Նա միշտ կարոտած սրտով նայում է այն ճանապարհին, որտեղից որդին վերջին անգամ ձեռքով արեց իրեն: Տարիները չի փոխել Երևանին: Նրան հույս է տալիս այն, որ իր   որդին ողջ է, և անպայման կվերադառնա: Մտածում է, թե տարիների ընթացքում ինչքան կլինի փոխված Արցախը: Սպասումը տանջում է նրան… Ինչքա՜ն քիչ բան է ուզում Արցախի մայրը։ Անհանգստությամբ նա կսպասեր մի նամակի, որից կառներ որդու կարոտը: Օրեր էին անցնում, նա լուր չստացավ, նամակ չստացավ: Չեկավ որդին, ետ չեկավ նա տուն:Մայրը դես ու դեն էր ընկնում, շշնջում խոսքեր, որ խեղդում էին նրա հոգին.

-Արի՛, իմ որդի, ես չեմ քնի, ես քուն չունեմ, երբ չկաս կողքիս: Արի,՛արի՛, իմ որդի, ես չեմ քնի միայն թե արի, ինձ պետք չէ ոչինչ: Ես միայն որդուս եմ ուզում, որդիս ետ դառնա, տուն վերադառնա: Մայրը ծերացավ ճիշտ այն ժամանակ, երբ որդին չեկավ: Երևանը ինքն իրեն խոստացավ սպասել որդուն այնքան` մինչև   որդին   տուն դառնա:

      Այսօր, դժբախտաբար   Երևանն ու Արցախը շարունակում են բաժանված մնալ իրարից: Նրանք նայում են իրար հեռվից, նույն լեզվով խոսում, նույն ավանդույթներով ապրում, բայց թշնամին ամեն օր մահվան սպառնալիքով ու պատերազմով խոչընդոտում է մոր և որդու միավորմանը: Սակայն մոր և որդու սերը հզոր է, չի մարել այն երբեք ու չի էլ մարի:

     Մինչև այսօր ոչ ոքի չհաջողվեց միացնել նրանց բաժանված սրտերը: Անձրև է դրսում… Երկինքն էլ էր լացում ՄՈՐ և ՈՐԴՈՒ հետ… Էլ դրսի պայծառ արևը չէր կանչում նրանց: Երևանն անդադար պատուհանից այն կողմ կնայեր` տեսնելու,թե կգա՞ որդին նույն այդ ճամփեքով…

   Այսքան երկար տարիներ, այսքան ցավ, պատերազմներ, տառապանք, կարոտ, մայր և որդի , ովքեր ապրում են տարբեր տներում` սպասելով միմյանց…

                                                                         Հերմինե Հովհաննիսյան

                                                                                                     Հ. լ. և գրակ., մագիստր., 1-ին կուրս

Обновлено 17.05.2018 05:18