Արցախի պետական համալսարան

32709189 211904336262500 7273998711775035392 n 

Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը: Այսօրվա մեր զրուցակիցը Լիլիթ Գադյանն է. երիտասարդ նկարչուհի` օժտված արվեստի նկատմամբ խորունկ, անդավաճան սիրով: Լիլիթը ծնվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Սովորում է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում: 18-ամյա աղջկա կարծիքով նկարիչն այն մարդն է, ով ունի կարողություն արտահայտվելու, անկաշառ ու արդար լինելու, անարդարության մասին բարձրաձայնելու:

-Լիլիթ, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը:

-Ընդհանրապես, եթե խոսում ենք մշակույթից, ապա առաջին հերթին մեր մտքում ծնվում են բարի ու ջերմ պատկերացումներ: Մշակույթն ինքնին միավորող ուժ է, սեր, բարություն, խոհեմություն ու համբերություն: Այն մարդկանց դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքն է: Նկարիչը իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ ներդնում է իր ամբողջ էներգիան, փորձում է աշխարհը դարձնել ավելի բարի ու ներդաշնակ: Իմ կարծիքով իսկական նկարիչը պետք է խոսի իր սրտից, բայց մարդկության անունից, ունենա պատասխանատվության զգացում իր կատարած աշխատանքի համար: Նա պետք է կարողանա իր գույների միջոցով տրամադրություն հաղորդել դիտողին, լինի հետաքրքրասեր, աշխատասեր ու բանիմաց: Եվ, ի վերջո, նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց իրեն:

-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև:

-Անկախ նրանից, թե ինչ պահանջ է դրված նկարչի առջև,առաջին հերթին նա պետք է միշտ արարի, ստեղծագործի և երբեք կանգ չառնի: Իմ կարծիքով հասարակությունը միշտ էլ նախընտրում է անկեղծությունն ու ազնվությունը, դրա պահանջարկն առկա է նաև արվեստում:

-Իսկ ինչպե՞ս եք ընտրում Ձեր նկարների թեմաները:

-Իմ նկարների մեջ, թերևս, գերակշռողը բնության թեման է, քանի որ ինձ համար բնությունից կատարյալ ոչինչ չկա: Բնությունն ինքն է ինձ կանչում, և ես հոգեպես շատ եմ կապված նրա հետ: Հավանական է, որ այդ հարցում մեծ դեր է խաղացել նաև իմ ծննդավայրն ու իմ մանկությունը: Փոքրուց շրջապատված լինելով չքնաղ բնությամբ` ես միշտ իմ մեջ սերմանել եմ սեր ու ջերմություն նրա հանդեպ: Բնությունից բացի նկարում եմ նաև այլ թեմաներով, որոշ դեպքերում դրանք իմ կողմից ընտրված ազատ թեմաներ են, որտեղ ես իմ հոգեվիճակն ու կարծիքը կարող եմ ներկայացնել, իսկ որոշ դեպքերում էլ իմ ուսման համար նախատեսված թեմաներ: Սակայն ինչ թեմա էլ որ լինի, միշտ փորձում եմ նկարել իմ տեսակետից ու ներդնել մաքսիմում զգայական էներգիա, քանի որ միայն այդ դեպքում է նկարը ստացվում ավելի գեղեցիկ ու իմաստալից:

-Ո՞րն է նկարչի տեղը հասարակության մեջ:

-Նկարչի տեղն ամենուր է, որտեղ նրա կարիքը կա, իսկ լավ նկարչի, արվեստագետի կարիք միշտ էլ կա: Նկարչի տեղն այնտեղ է, որտեղից հնարավոր է արտահայտել հայրենիքի, ժամանակաշրջանի բարքերը: Նրա աշխարհայացքը ծնվում է հասարակությունից և յուրաքանչյուր գործ ստեղծելիս նա հաշվի է առնում նաև այդ հասարակության պահանջները:

-Կպատմե՞ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս էին ստացվում Ձեր առաջին նկարները:

-Նկարչության հանդեպ սերը միշտ էլ եղել է, այն ծնվել է հենց ինձ հետ, իսկ ես այն բացահայտել ու զարգացրել եմ: Դեռ դպրոցում սովորելիս միշտ էլ աչքի եմ ընկել իմ հասակակիցներից նկարչության ու ասեղնագործության ուղղություններու: Դրանք իմ առաջին քայլերն էին: Այնուհետև, երբ ավելի մեծացա հասկացա, որ արվեստը իմ կյանքի անբաժանելի մասնիկն է: Սկսեցի հաճախել նկարչության խմբակներ, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտ` որպես հագուստի մոդելավորող:

-Ովքե՞ր են Ձեր սիրելի նկարիչները:

-Իմ սիրելի նկարիչներն են Սանդրո Բոտիչելին, Միքելանջելոն, Վարդգես Սուրենյանցը, Հովհաննես Այվազովսկին: Նրանք յուրահատուկ են, թե իրենց անհատականությամբ, թե աշխարհընկալմամբ:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Արցախը չնաշխարհիկ վայր է, այն իդեալական է յուրաքանչյուր արվեստագետի համար և միշտ կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ յուրաքանչյուր մարդու համար: Ինձ ոգեշնչում են մարդիկ , նրանց կենցաղը, աշխարհն իր խորհրդավոր բացահայտումներով:

-Ի՞նչ դեր ունի այսօր նկարչությունն Արցախում:

-Արվեստը մեծ դեր ունի Արցախի համար , այդ թվում նաև նկարչությունը: Այն յուրահատուկ դարպաս է , որը բացվում է նկարչի գույներով ու կերտած կերպարներով: Զարգացնելով նկարչությունը` մենք ճանաչելի ենք դարձնում մեզ թե Արցախում , թե արտերկրում:

-Ի՞նչ եք կարծում, արվե՞ստն է խորացնում մարդուն , թե՞ մարդն է արվեստը խորացնում:

-Արվեստը մարդու երևակայության սահմանն է: Այն գնալով ավելի ու ավելի բազմաժանր է դառնում:Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որն է լրացնում մյուսին, ապա կասեմ, որ դրանք փոխկապակցված են և միայն առաջ գնալու ձգտումն է ստիպում, որ դրանք համահունչ քայլեն: Մարդը պետք է իր էությամբ խորը լինի, որպեսզի խորացնի արվեստը:

-Ասում են` ստեղծագործող մարդը երբեք չար լինել չի կարող, արդյո՞ք այդպես է:

-Մարդու չար կամ բարի լինելը կապ չունի այն փաստի հետ, որ նա արվեստագետ է : Ամեն ոք ունի իր ներաշխարհը և այն ի հայտ է գալիս իր ստեղծագործության մեջ: Իսկ արվեստագետը իր աշխատանքը կերտելիս տրվում է դրան ամբողջովին, այսինքն նա իր հոգին է ներդնում իր ստեղծագործության մեջ:

Հարցազրույցը` Անգելինա Համբարձումյանի, լրագր. 3-րդ կուրս 

32750607 211904759595791 7000521574054887424 n32905909 211904349595832 6729731853206421504 n 32829093 211906966262237 5909062112310722560 n