«Գրոց տուն» ակումբում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ամիս կազմակերպել հանդիպում գրողների հետ` տարբեր գրքերի քննարկումներին զուգընթաց: Մինչ օրս ակումբը կազմակերպել է տարաբնույթ գրքերի քննարկումներ,ինչպես՝ Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» , Անտոնիա Արսլանի «Մշո գիրք», հանդիպումներ Արցախի գրողների հետ:
Մայիսի 16-ին ակումբի հյուրն էր գրող Ծովինար Բաղդասարյանը։Նա ակումբի ընթերցողներին ներկայացրեց իր «Աշնան ծաղիկներ» գիրքը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ուսանողներ և հանրային գրադարանի ընթերցողներ:
ԱրՊՀ պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը իր ելույթում նշեց, որ Ծովինար Բաղդասարյանը կյանքն ընկալում է արվեստագետի դիտակետից:
«Թարգմանությունն արվեստ է...Ծովինարի բանաստեղծությունը թարգմանելիս մեծ հաճույք եմ ստացել։ Նրա ստեղծագործությունները ռուսերեն են, բայց նրա ապրումները, աշխարհի ընկալումները՝ հայկական»,- նշում է բանաստեղծ Սոկրատ Խանյանը։
«Հուզումնալից և հետաքրքիր հանդիպումը, շփումն իմ և բոլոր մասնակիցների մոտ թողեց ջերմ հիշողություններ»,-խոստովանեց ակումբի անդամներից Թամարա Խաչատրյանը` անհրաժեշտ համարելով նման միջոցառումների կազմակերպումը:
Մասնակից ուսանողները միջոցառումը կարևորում են նրանով, որ երիտասարդ սերունդը հնարավորություն է ունենում ճանաչելու, գնահատելու Արցախում ստեղծագործող գրողներին և անմիջականորեն շփվելու նրանց հետ:
Սոնա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
ՀԼԳ, 2-րդ կուրս