Արցախի պետական համալսարան

IMG 4682  IMG 4687

IMG 4675  IMG 4684

ԱՀ ԿԳՍ նախարարության հրավերով այս օրերին աշխատանքային այցով Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ղեկավար մարմինների հետ հանդիպումներ են ունենում Որակի ազգային ապահովման կենտրոնի մասնագետները՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ: Հերթական հանդիպումը հունիսի 19-ին  Արցախի մայր բուհում էր՝ ԿԳՍ նախարարի մասնակցությամբ:

Նարինե Աղաբալյանը, հղում անելով Կառավարության 2017 թվականի որոշմանը, որով սահմանվել են բուհերի հավատարմագրման կարգն ու չափանիշները, անդրադարձել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներին:

«Համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 30-ն է, և մենք հրավիրել ենք կենտրոնի նախագահին և մասնագետներին, որպեսզի ձեզ հետ միասին սկսենք հավատարմագրման գործընթացը, և սա երեք փուլերից բաղկացած գործընթաց է, որը համատեղ պետք է իրականացնենք: Աշխատանքային խումբն արդեն հնարավորություն է ունեցել աշխատելու առանձին բուհերում և հանդիպելու ռեկտորների հետ»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ կտա:

Ռ. Թոփչյանը նախ ներկայացրել է հավատարմագրման գործընթացի էությունը և այդ համատեքստում բուհերի անելիքները, ապա պատասխանել ներկաների հարցերին: Անդրադառնալով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը՝ Ռ. Թոփչյանը նշում է, որ Եվրոպայում այս գործընթացը սկսվել է ծրագրային համապատասխանեցումից, որից հետո միայն ինստիտուցիոնալ: Հայաստանը պիլոտային մի շարք ծրագրերի ներդրմամբ եկել է այն եզրակացության, որ բուհի կառավարման որակի համապատասխանեցումն առաջնահերթ է ծրագրայինից, քանի որ հաճախ կառավարման արդյունավետությամբ է պայմանավորված ծրագրի իրականացման արդյունավետությունը:

«Հավատարմագրումը բուհի հասունության վկայականն է, ուստի նախքան հասունության հայտ ներկայացնելը պետք է անցնել մի քանի փուլեր, որոնցից ամենակարևորը ինքնավերլուծությունն է: Այն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների մասին և ըստ այդմ մշակելու տեղայնացված ռազմավարություն»,- ասել է Ռ. Թոփչյանը:

Նշենք նաև, որ նախքան այս կազմով հանդիպումը, Հայաստանից ժամանած աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ուսանողների, ապա և հավատարմագրման գործընթացում ընդգրկված հանձնաժողովների նախագահների և անդամների հետ: