Արցախի պետական համալսարան

samm1   IMG 5009

samm3   samm4

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կողմից ԱրՊՀ-ում անցկացվող դասընթացը հունիսի 29-ին ամփոփվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով՝ ներգրավելով նաև ոլորտի պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների: Հանդիպմանը միացավ նաև աշխատանքային այցով Արցախում գնվող ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բարձր է գնահատում ԱրՊՀ-ում ներդրված ոչ ֆորմալ կրթության ծրագիրն ու խոսում արդյունքներից, որոնք տեսանելի են ոչ միայն հաշվետվությունների էջերում, այլև ուսանողների գնահատականներում:

Հիմնավորելով դասընթացի, ապա և քննարկման թեմայի արդիականությունը, ՀՀ և ԱՀ տեղեկատվական անվտանգության խնդիրները` գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Շուշան Ասկարյանը նկատում է, որ տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, ներկայիս մարտահրավերներն ու անելիքները հայեցակարգային նշանակության խնդիրներ են, որոնք պետք է դիտարկել հայկական լրատվադաշտի առանձնահատկությունների համատեքստում:

Առաջադրված խնդրի կապակցությամբ տեղեկատվական անվտանգության փորձագետը տարբեր տարիների սեփական ուսումնասիրությունների արդյունքներով է հիմնավորում մասնավորապես սոցիալական մեդիայում տեղեկատվական անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրները:

Սովորական օգտատերը սոցիալական մեդիայում կարող է առանցքային դերակատարություն ունենալ ազգային անվտանգության համար, իսկ «Ի՞նչ պետք է անի պետությունը» հարցին Ս. Մարտիրոսյանը պատասխանում է. «Պետությունը պետք է կրթի»,- և լուրջ անելիքներ տեսնում կրթօջախներում, այդ թվում՝ համալսարաններում:

«Համալսարանը պետք է չբավարարվի ռազմական լրագրության մեկ դասընթացով: Պետք է առանձին բաժին ունենալ, որը կենթադրի նախևառաջ հակամարտության գոտում աշխատելու որոշակի հմտություններով զինված մասնագետների թողարկում»,- ասում է փորձագետը:

Լրագրողների պատրաստման և վերապատրաստման խնդրի մասին բարձրաձայնեցին նաև ներկաները, ովքեր խնդրի լուծումը տեսնում են պետական ուղղորդված քաղաքականության մշակման մեջ: Այս և մի շարք հարցերի արձագանքում է ԱՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ համապատասխան ոլորտներում աշխատանքներ տարվում են. «Գաղտնիք չէ, որ իրավիճակն առաջնագծում փոխվում է ժամերի ընթացքում և հասարակությանը պետք է անհատապես նախապատրաստել անկանխատեսելի իրավիճակային լուծումների՝ սկսած սոցիալական մեդիայում դրսևորվող անհատական վարքագծից»:

Սոցիալական մեդիայի հետ կապված օրենսդրական կարգավորումներին անդրադարձավ ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այն համակարգելու միակ մեխանիզմը սոցիալական կոնվենցիայի մշակումը կարող է լինել, որի հիմքում պետք է ընկած լինի մեդիագրագետ օգտատերն ու մեդիասպառողը:

Մեդիագրագետ սպառող ունենալու հետ կապված հարցերը պարզաբանեց աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով անակնկալ միացավ քննարկմանը: ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ նախարարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել դպրոցներում դասընթացներ կամ դասաժամեր հատկացնել նաև մեդիագրագիտությանը: «Life Skills-ի շրջանակներում մենք նախատեսում ենք աշակերտներին ճանաչողական գիտելիքներ հաղորդել նաև մեդիայից օգտվելու և մեդիայում դրսևորվելու վերաբերյալ»,-ասաց Ա. Հարությունյանը` կարևորելով կլոր սեղան-քննարկումն ու քննարկվող թեման: