ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ՄԵԴԻԱ ԴՊՐՈՑ»-ՈՒՄ

28.08

2018

lragroxner11   lragroxner 12

lragroxner13   lragroxner14

Օգոստոսի 20-25-ը Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի շուրջ 10 ուսանողներ փորձուսուցում են անցել «ՊանԱրմենիան մեդիա դպրոց»-ում: Այցի շրջանակներում ուսանողների համար դասախոսություններով հանդես են եկել Հայաստանի ամենամեծ մեդիահոլդինգի՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմում գտնվող հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների ղեկավարները և տարբեր մասնագիտությունների գծով աշխատակիցները:    

Փորձուսուցման առաջին օրը ուսանողների համար դասախոսությամբ հանդես են եկել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի և «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և «Blognews» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձել է բլոգային տիրույթում լրագրողի հիմնական գործառույթներին և տրոլլինգին:

Փորձուսուցման երկրորդ օրը «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի PR բաժնի պատասխանատու Հայկուհի Ասատրյանը ներկայացրել է հանրային կապերի պատասխանատուի հիմնական գործառույթները, ոլորտի առանձնահատկությունները: Այնուհետև Հայաստանի Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն անդրադարձել է ռադիոյի հիմնական առանձնահատկություններին և ռադիոլրագրողի աշխատանքին:

Արդեն փորձուսուցման երրորդ օրը Լիկա Թումանյանի կողմից ուսանողները ստացել էին առաջադրանք, որը վերաբերում էր լրագրողի ձայնի արտասանությանը և հնչողությանը: Նույն օրը ուսանողները հանդիպել են «Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նարեկ Նիկողոսյանի և «ԱԹՎ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրի ղեկավար Արկադի Գրիգորյանի հետ:

Դասընթացի չորրորդ օրը դասախոսությամբ հանդես է եկել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ով անդրադարձել է մրցունակ լրագրող դառնալու արդի պահանջներին և «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Համլետ Առաքելյանը:

Փորձուսուցման վերջին՝ հինգերորդ օրը, դասախոսությամբ հանդես է եկել գրաֆիկ դիզայներ, infographics.am կայքի հիմնադիր, լրագրող Սեդրակ Մկրտչյանը:

Ի դեպ, ծրագրի շրջանակներում ուսանողները շրջայց են կատարել մեդիահոլդինգի տարածքում, մասնավորապես՝ ծանոթացել «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանման աշխատանքներին:

«ՊանԱրմենիան մեդիա դպրոց»-ի տնօրեն Նաիրա Իսահակյանը փորձուսուցման մասնակիցներին է ներկայացրել «ԱԹՎ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող մի շարք հաղորդումների նկարահանման տաղավարներ: Բացի դրանից, ուսանողներն այցելել են նաև «Զանգակ» գրատուն:

Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի մի խումբ ուսանողների փորձուսուցումը կազմակերպվել է ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ.,դոցենտ Շուշան Ասկարյանի և «ՊանԱրմենիան մեդիա դպրոց»-ի տնօրեն Նաիրա Իսահակյանի նախաձեռնությամբ:

Մեզ հետ զրույցում Շուշան Ասկարյանը կարևորել է նման ձևաչափով փորձուսուցման անցկացումը՝ ընդգծելով, որ Արցախի կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության ոլորտում հույժ կարևոր է որակյալ մասնագետներ ունենալը և ուժեղ կադրային ներուժով ներկայանալը:

Շուշան Ասկարյանի խոսքով՝ Արցախի պետական համալսարանի աջակցությամբ իրականացված նախագիծը շարունակական բնույթ է կրելու՝ առաջիկայում ավելի շատ ուսանողների ընդգրկելով ծրագրում:

Անի Ավանեսյան