ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

03.09

2018

ankaxutyun1  ankaxutyun2

ankaxutyun3   ankaxutyun4

Մայր բուհում նոր ուսումնական տարին մեկնարկեց անկախության դասով, որը վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը` ներկաները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արցախի Հանրապետության  հռչակման և Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված անկախության դասին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտորի պաշտոնակատար Մանուշ Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ Մանուշ Մինասյանը ողջունել է առաջին կուրսեցիներին, շնորհավորել բուհ ընդունվելու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով գիտելիքառատ տարի:

«Նոր ուսումնականը նոր իղձերի, նոր սպասելիքների, նոր նախաձեռնությունների սկիզբ է ենթադրում և այս ակնկալիքով է ցանկացած ծնող իր զավակին բուհ կամ դպրոց ճանապարհում, այս ակնկալիքով է ցանկացած մանկավարժ և ուսանող մտնում լսարան: Ցանկանում եմ, որ այս ակնկալիքները իրողություն դառնան»,- բարեմաղթել է ռեկտորը՝ նշելով, որ համալսարանում սկիզբ առած լայնածավալ շինարարական աշխատանքներին զուգահեռ համապատասխանեցվում են կրթական ծրագրերը՝ հիմքում ունենալով ոչ միայն լավ մասնագետ պատրաստելու, այլև արժանի քաղաքացի կրթելու հեռանկարը:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով ուսանողությանը, կոչ արեց առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները, ձեռք բերել կրթական և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ:

«Ձեզ համար նոր, պատասխանատու փուլ է սկսվում, ինչը ենթադրում է նոր կարգավիճակ՝ ուսանող: Սա նշանակում է, որ դուք արդեն հաջողել եք, հաջողել եք լինել Արցախի պետական համալսարանի ուսանող»,- նշել է Ա. Ղուլյանը:

Անդրադառնալով հայկական կրթական միջավայրում ԱրՊՀ դերակատարությանը` ԱԺ նախագահը նկատեց, որ երկրի համար ճակատագրական պահերին մայր բուհի մտավորականությունն իր խոսքն է ասել. «Այդպես է եղել 88-ին և 91-ին, այդպես է նաև այսօր, և դա է գաղտնիքը մեր լինելության և հարատևության»:

Ուսանողական և դասախոսական կազմին շնորհավորելով նոր ուսումնականի մեկնարկի առթիվ` ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը մաղթեց խաղաղ և ակտիվ նախաձեռնություններով ուսումնական տարի:

«Հիշե´ք, որ միակ բանը, որ չեք կարողանալու վարադարձնել, ժամանակն է: Սովորե´ք ճիշտ օգտագործել ժամանակը: Նաև հիշե´ք՝ կարևոր է ոչ թե այն, թե ինչ մասնագետ եք դառնալու, այլ` ինչպիսի»,- դիմելով ուսանողությանը` նշեց նախարարը: