Արցախի պետական համալսարան

Valentina1

Գազօջախն եմ հիշում ու գոլորշուց մգացած պատուհանն այն մոռացված տնակի: Իրեն եմ հիշում, չծերացած, բայց տարիների թախիծը կուտակած աչքերում, փարթամ, բայց զայրույթից հազար անգամ քաշքշված մազերով:Երկար պիտի պայքարեր Անահիտն իր երկկենցաղ կյանքում: 
Տասնութամյա շիկահեր աղջիկը, ում այտերին տեղ-տեղ արևի լույսից նշմարվում էին դարչնագույն կլորակները՝պեպենները, անմիտ, անվերջ շփոթված շարժումներով առանձնանում էր բակի այլ շիկահերներից:  Ժպիտն արտացոլում էր անցավ պատանեկությունը, կես կատակ խոսքերը լցնում էին անգույն օրվա երանգները: Ինքն էլ իր երազների նման մի քիչ իրական չէր: Կես երազ, կես իրականություն էր տարիներիս լուսանցքում թողած հարազատս
:

Դեռահաս էր, երբ առաջին անգամ հասկացավ՝այնտեղ, ձախակողմյան անկյունում, բացի սրտից, կար ինչ-որ նուրբ ու թափանցիկ, աներևույթ տարածություն, որ մարդիկ հոգի են կոչում, զգաց, որովհետև առաջին անգամն էր, երբ տարածությունն այդ լցվել ու ամբողջ մարմնով էր տարածվել, կրակի նման էր բռնկվել ու շուտ աչքերին հասել, կայծեր առաջացրել: Մարդիկ տեսել էին, նախանձել, «սերն է այդ» գոռացել ու շուտ հանգցրել, որ հանկարծ չլինի այնպես, թե վարակի վաղուց հանգածներին:
Մոխիրներից փորձել էին նոր Անահիտ ստեղծել: Մոխրից ի՞նչ կրակ:

Հերթական երեկոներից էր, լուսինը դեռ երևում էր, ինքս էլ զարմանում էի, ինչպե՞ս, եթե լուսավոր է օրը:
Զբոսնում էինք հոգնած, բայց աննկարագրելի հաճույքով, կիսասառը քամին սուլում էր ուղիղ մեր դեմքին: Դիմացի բակից Արթուրն էր ժպտում, ու կյանքը հիանալի էր, մենք երջանիկ էինք:
Արթուրը մեր ընկերն էր՝ իմ ընկերը, Անահիտի սիրո ընկերը
Բակում մի բարդի կար, բարձր էր ու գեղեցիկ: Կախարդանք էր մթնշաղին նստել ու զրուցել այնքան, մինչև լեզուներս չհոգնեին, ու ստիպված չլռեինք: Ի՜նչ երանելի էր միասին երազել երջանիկ ապագայի մասին, Արթուրն ու Անահիտը և ես:
Զվարճանում էի, երբ սկսում էին թաքուն ժպիտով իրար նայել, սեր էին տալիս միմյանց ու տարածում ամբողջ բակով, երանի էի տալիս ու երազում, որ զգացմունքն այդ մի օր ինձ էլ կհասնի
Տարիներ շարունակ մեր բակն ու այն հսկայական բարդին ականատեսն էին մի գեղեցիկ պատմության, որը հավերժությամբ չէր միավորվելու:
Հասունությունը պղտորեց բարի հեքիաթի պատրանքը
Արթուրն անէացավ տարիների հոսքում, Անահիտն էլ խամրեց, բայց չթողեց իր ընկերոջը, ինքն էլ չանէացրեց միակ անկեղծ հուշը, որ մանկությունից էր գալիս:
Գազօջախն եմ հիշում ու գոլորշուց մգացած պատուհանն այն մոռացված տնակի: Ներսում Անահիտն է, դրսում` բարդին ու նստարանն այն մանկության: Ամեն երեկո` գիշերամուտին, երբ քնած են համարյա բոլորը, ուրվականի պես բարդու տակ մի կին է նստում մինչ լուսաբաց, ճանաչում են բոլորը նրան ու անվանում խելառ, ցնդած: Գիշերային օրորոցային են բառերն այդ կնոջ, որ մինչև լույս արձագանքում են բակի պատերը...
Երանի՜ մի օր բարի,
Երբ արևը շատ կայրի,
Գաս իմ հետքով կրկին,
Իմ միակ , իմ անգին...
Մարդը ստեղծվեց, որ ապրի ու ապրեցնի:
Կա շունչ ու հոգի, որն ապրում է, քանի դեռ այն ապրեցնում են:

Նրանց՝ ապրեցնողներին, ընտրում ենք մենք, անգիտակցորեն, տալիս մեզ և «Ապրեցրե՜ք»` ասում ենք վստահորեն: Հետո էլ կյանքներս վատնում գնացածներին փնտրելու, ուրվականների հետ ապրելու համար:

Վալենտինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրագր. 4-րդ կուրս