«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԱՌԱՋ, ԵՐԲԵՔ ՉԿՏՐՎԵԼ ԳՐՔԻՑ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ԼԻՆԵԼ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԶԱՎԱԿԸ»

11.09

2018

Sirun1  Sirun2

Մանկավարժի աշխատանքը մեծ պատասխանատվություն է, որովհետև մանկավարժն է ձևավորում զարգացող սերնդի աշխարհայացքն ու գիտելիքներ տալիս նրան։ Մեր այսօրվա զրուցակիցը, լինելով արդեն հիսուն տարվա փորձառու մանկավարժ, այդ պատասխանատվությունը վերցրել է իր ուսերին և մեծ սիրով ու նվիրվածությամբ է կատարում իր առաքելությունը։

Մոտ 40 գիտական հոդվածների և 10 գրքի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Սիրուն Բաղդասարյանը: Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նա ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Սիրուն Բաղդասարյանը ծնվել է 1949 թվականին Քարինտակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Ութամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտել է գերազանց։ Այնուհետև ընդունվել է Ստեփանակերտի նորաբաց մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Երկար տարիներ Ստեփանակերտի N9 և N2 դպրոցներում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1998 թվականին Արցախի պետական համալսարանի կողմից հրավեր է ստացել՝ նորաբաց վարժարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատելու։

«1998 թվականին, երբ վարժարանում արդեն կային հոսքային դասարաններ, ես հումանիտար հոսքում աշխատել եմ որպես ուսուցչուհի։ Միաժամանակ թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել` «Մկրտիչ Սարգսյանի վիպագրությունը» թեմայով»,- ասում է ՍԲաղդասարյանը և հավելում, որ հետագայում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետև՝ դոցենտի կոչում, որը հաստատվել է բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։

Ս Բաղդասարյանը հպարտությամբ է խոսում իր անցած ուղու մասին` վստահեցնելով, որ, եթե որևէ հրաշքով ժամանակի անիվը հետ դարձվեր, ապա ինքը նորից կընտրեր մանկավարժի մասնագիտությունը:

«Մանկավարժությունն այնպիսի ոլորտ է, որ լավ մասնագետը պետք է իր մեջ ներդաշնակի հոգեբանի, իր առարկայի լավ իմացության, վարվելակերպի, առարկան մատուցելու և այլ հատկություններ։ Ես անչափ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ այն առարկաները, որ դասավանդում եմ, և նրանց, ովքեր նստում են իմ առաջ. դպրոցում դրանք իմ աշակերտներն էին, իսկ համալսարանում՝ իմ ուսանողները,- ասում է նա,- երբ մտնում եմ լսարան, ուսանողներն արդեն իմ երեխաներն են, և ես նրանց անչափ սիրում եմ ու միշտ էլ նրանց կողմից նկատում եմ փոխադարձ հարգանք»։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ս. Բաղդասարյանը եղել է շարժման ակտիվիստ, որովհետև, նախ բոլոր հանրահավաքներին մասնակցել է իր ընտանիքի հետ միասին, իսկ հետագայում հաճախակի ելույթներ ունեցել ամբիոններից։

«1988 թվականին առաջին անգամ Արցախում մի խումբ մտավորականների հետ բեմադրել ենք «Եղեռն»։ Այս միջոցառումը շատ մեծ արձագանք է ունեցել հանրության շրջանում. ասեմ, որ նախադեպը չի ունեցել։ Միջոցառման կեսին էլեկտրականությունը կառավարության կողմից անջատվել է։ Երևի արդեն տեղեկացվել էին, որ այսպիսի մեծ միջոցառում ենք անցկացնում։ Ստիպված էինք միջոցառման մնացած մասը մոմերի լույսի տակ անցկացնել, իսկ երբ ավարտեցինք, արդեն մուտքի մոտ մեզ սպասում էին պետանվտանգության կոմիտեի և ոստիկանության ներկայացուցիչները, որպեսզի ձերբակալեին։ Բարեբախտաբար գլխի ընկանք ու թատրոնի ետնամուտքով հեռացանք՝ փրկվելով կալանքից»,- կսկիծով հիշելով թշնամու կողմից կատարած այդ տարիների դաժանությունները` պատմում է ՍԲաղդասարյանը և նշում, որ 2015 թվականին Մեծ Եղեռնի հարյուրամյակին մի խումբ մտավորականների հետ ձեռնամուխ եղան նմանատիպ միջոցառման անցկացմանը, որին ինքը նույնպես մասնակցել ու նախարարության կողմից արժանացել է պատվոգրի։

1992 թվականին, երբ Արցախ էին ժամանել Բորիս Ելցինը և Նազարբաևը, կառավարության առաջարկով մտավորականության անունից Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել նրանց առջև նաև Ս. Բաղդասարյանը։

«1992 թվականին, երբ վատ էր իրավիճակը, արդեն պատերազմական դրություն էր, Արցախի 120 զոհված ազատամարտիկների երեխաների տարել ենք Մոսկվայի շրջանի Պուշկինո քաղաքը, և այնտեղ մի առողջարանում մեկ տարի նրանց պահել ենք։ Երեխաների ուսումնադաստիարակչական գործը ղեկավարել եմ ես`նրանց առողջ, անվնաս և ուսման մեջ չթերացած վերադարձնելով իրենց ընտանիքներին»,- հիշում է մեր զրուցակիցը` որպես պատգամ ընթերցողին հղելով ապրելու իր բանաձևը. միշտ նայել առաջ, ունենալ արժանապատիվ կեցվածք, չկտրվել գրքից ու գրականությունից և ամենակարևորը`լինել Արցախ աշխարհի արժանապատիվ զավակը:

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լրագրություն, 3-րդ կուրս

Обновлено 11.09.2018 11:43
 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ