2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌԸ ԱՌԱՆՁՆԱՑԵԼ Է ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ

12.09

2018

amar1 amar2

amar3 amar5

Վերջին տարիներին Արցախի մայր բուհում ուսանողների հետ տարվող աշխատանքները իրականացվում են ուսանողամետ և ուսանողակենտրոն սկզբունքով՝ կարևորելով նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, միջբուհական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներն ու ֆորումները, ամառային ճամբարներն ու դպրոցները, վրանային բանակումները: 2018 թվականի ուսանողական ամառը հագեցած էր վերոնշյալ ծրագրերով, որի մասին էլ զրուցել ենք ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի հետ:

Yaramishyan- Պարո´ն Յարամիշյան, տևական ժամանակ է, ինչ համակարգում եք ուսանողների հետ տարվող աշխատանքների ոլորտը և հաճախ եք կրկնում, թե ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերին և ավարտվում հունիսին, ինչը, սակայն, չի նշանակում, թե դրան հաջորդող ամիսներին ուսանողական կյանքը կանգ է առնում: Այս ամառը, մեր և Ձեր համոզմամբ, տարբերվում էր նախորդներից: Ինչո՞վ էր այն առանձնանում:

- Այո, բազմիցս առիթներ եմ ունեցել համոզելու, որ ուսանողական կյանքը ուսումնական տարվա հետ չի ավարտվում: Ընդհակառակը, ամառային ամիսներին այն նոր երանգներ է ստանում: Այս տարիների մեր աշխատանքը թույլ է տալիս բավականության զգացումով խոսելու ուսանողների հետ տարվող աշխատանքների շոշափելի արդյունքների և այդ ուղղությամբ գրանցած ձեռքբերումների մասին: Իսկ այս ամառը գործընկեր բուհերի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ առանձնացել է հատկապես բովանդակային առումով:

Ինչպես գիտեք, նախորդ տարվանից մեզ հնարավորություն է ընձեռվել օգտվելու Ֆիլիպպ Էգգերի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող միջազգային դրամաշնորհային ծրագրից, որի շնորհիվ իրականություն դարձան միջազգային ամառային ճամբարը Պատարայում, ուսանողների գործուղումներն արտերկրի և Հայաստանի բուհեր, մասնակցությունը տարբեր գիտաժողովների, փորձուսուցումների, ամառային դպրոցների, մասնագիտական դասընթացների, ֆորումների: Սրանք քայլեր են, որոնք նպաստել են ԱրՊՀ միջազգային ճանաչմանը, համահայկական կրթական դաշտին ինտեգրմանը, մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, անհրաժեշտ մասնագիտական ու մարդկային որակների ձևավորմանը:

- Կխնդրեի պատմել ԱրՊՀիրականացրած առավել նշանակալի ծրագրերի և միջոցառումների մասին:

- Հնարավորինս հակիրճ փորձեմ ներկայացնել միջազգային մակարդակի միջոցառումները: Այսպես, հուլիսի 5-ից 21-ը կազմակերպված միջազգային ամառային ճամբարին երեք հերթով մասնակցել են շուրջ 80 ուսանողներ ԱրՊՀ-ից, ԵՊՀ-ից, այդ թվում` Իջևանի մասնաճյուղից, ՀՊՄՀ-ից, ՀՊՏՀ-ից, ՀԱՀ-ից, ՀՌ(Ս)Հ-ից, ԵՊԲՀ-ից, ԱՄՆ Քալիֆոռնիայի համալսարանից, Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանից և այլ բուհերից` կազմակերպելով հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, համալսարանականների հետ: Հունիսի 25-ից հուլիսի 21-ը իրավագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Կարապետյանը մասնակցել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի իրավաբանական դպրոցի դասընթացներին,: Իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 5 ուսանողներ հուլիսի 25-28-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում մասնակցել են միջազգային դատախաղի` ցուցաբերելով լավ արդյունքներ: Հուլիսի 2-6-ը իրավագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Մ.Գրիգորյանը և Մ.Գաբրիելյանը մասնակցել են «Ուրալի պետական համալսարանի» «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» խորագրով 6-րդ ամառային դպրոցին:

- Անդրադառնանք անելիքներին: Ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում առաջիկայում:

- Նախ նշեմ, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների տրամաբանությունը չի փոխվելու, քանի որ, ինչպես վկայում է փորձը, ուսանողամետ և ուսանողակենտրոն քաղաքականությունը տալիս է ցանկալի արդյունքներ: Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ասեմ, որ հընթացս բարելավվում են ոլորտի աշխատանքների որակն ու մակարդակը, մասնավորապես առանձին ստորաբաժանման կարգավիճակ է ստացել ՈւՀՏԱ և կարիերայի բաժինը, որի գործառութային պարտականություններին է վերագրվում աշխատանքը նաև շրջանավարտների և խոշոր գործատուների հետ:

- Անցած ուստարում ԱրՊՀ-ում միջոցառումների պակաս չէր զգացվում: Արդյո՞ք համալսարանը հաջողելու է շենքային ներկայիս պայմաններում ապահովել միջոցառումների նույնպիսի քանակ և որակ:

- Ընթացիկ ուսումնական տարվա պլանավորման հիմքում ընկած է գործողությունների օպտիմալացման մեխանիզմը, որը վերաբերում է նաև ուսանողական միջոցառումներին. ավանդական միջոցառումների ընթացքը չի խմբագրվելու: Մասամբ փոխվելու է ներգնա և արտագնա միջոցառումներ հարաբերակցությունը, այսինքն, կապված շենքային պայմանների սղության հետ, նախապատվությունը տալու ենք արտահամալսարանական միջոցառումներին: