ԴԱՍ` ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ

12.09

2018

tangaran1 tangaran2

Օրերս բանասիրական ֆակուլտետի լրագրություն և հայոց լեզու ու գրականության բաժինների առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան:

Թանգարանի աշխատակիցը ուսանողներին ներկայացրեց այնտեղ պահվող մի շարք պատմամշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշներ: Էքսկուրսավար Իննա Ենգիբարյանը ցուցադրեց նաև արցախյան գորգերի հնաբույր տեսականին՝ բացահայտելով դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Հնագիտություն բաժնում կային բնության քարացած նմուշներ, բրոնզե իրեր, ուրարտական ժամանակներից պահպանված կավանոթներ, հայկական, հռոմեական և այլ ծագման դրամներ: Հետաքրքիր էր ազգագրության բաժնում ցուցադրված արցախյան նահապետական ընտանիքի տեսարանը. հայկական տարազով տատիկը ճախարակով թել էր մանում, իսկ պապիկը` տրեխ էր կարում: Ուսանողների ուշադրությանը ներկայացվեցին մի շարք լուսանկարներ, որտեղ պատկերված էին Արցախի սրբավայրերը, վանական համալիրները, բնության հետաքրքիր պատկերները:

Թանգարանի նոր բաժինները աչքի են ընկնում փաստագրական նյութերով, առանձին դրվագներով ցուցադրված էր 1992-94 թվականներին մղած Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը: Ուշագրավ էր նաև Մեծ Հայրենական պատերազմի պատմությունը ներկայացնող բաժինը`փառապանծ մարշալների կիսանդրիներով և անձնական իրերով:

Էքսկուրսիան ուսանողների համար ունեցավ ուսուցողական, ճանաչողական, հայրենագիտական մեծ նշանակություն, որը յուրահատուկ բաց դաս էր:

Սիրանուշ ԱԴԱՄՅԱՆ

Լրագրություն 1-ին կուրս

Обновлено 12.09.2018 13:49