Արցախի պետական համալսարան

La1  La3

La2  La4

Ճանաչողական այցով Արցախի Հանրապետությունում է գտնվում Լայպցիգի համալսարանի պատվիրակությունը` համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորությամբ: Սեպտեմբերի 13-ին պատվիրակությունը, որի կազմում են Լայպցիգի համալսարանի ասպիրանտներ Գերմանիայից, Կոլումբիայից, Հունաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Հայաստանից, հյուրընկալվել էր ԱրՊՀ-ում, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ:

ԱրՊՀ ռեկտորի պաշտոնակատար Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Արցախ կատարած այցելության համար` նկատելով, որ նման այցելությունները կառուցողական քննարկումների լավագույն հնարավորություններից են: Ռեկտորը օտարերկրյա ուսանողներին ներկայացրել է մայր բուհի կազմավորման և զարգացման ընթացքը, համալսարանի ներկայիս կառուցվածքը, մասնագիտություններն ու կրթական քաղաքականությունը:

Դառնալով բուհի կենսագրությանը` Մ. Մինասյանն իր խոսքում նշել է, որ գուցե զարմանալի թվա կրթության և գիտության նկատմամբ հակում ունեցող ժողովրդի մայր բուհի` ընդամենը կեսդարյա լինելիությունը, սակայն հանգամանքը պետք է պայմանավորել Ղարաբաղի` Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում լինելու փաստով. սակայն «90-ականների ազգային-ազատագրական պայքարի արդյունքում մենք ունենք մեր ինքնությանն ու էությանը համապատասխան երկիր և կրթական համակարգ»:

Բուհի ղեկավարը ձեռքբերումներին զուգահեռ շեշտել է նաև կրթական խնդիրները` նկատի ունենալով բուհի` եվրոպական կրթադաշտին ինտեգրվելու ձգտումներն ու երկրի քաղաքական կարգավիճակը:

«Ի հեճուկս Ադրբեջանի հակահայկական քարոզչության` մենք հաջողել ենք առաջընթաց ապահովել մի շարք ուղղություններով, մասնավորապես` համալսարանը համագործակցային 35-ից ավելի պայմանագրեր ունի արտասահմանյան գիտակրթական հաստատությունների հետ»,- ասել է ռեկտորը` հույս հայտնելով, որ նման խնդիրները կդառնան պատվիրակության անդամների գործունեության առանցքային հարցերից:

Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով համալսարանականներին` պատվիրակության ղեկավար Շ. Թրյոբսթը ներկայացրել է խմբի անդամների գործունեությունն ու հետաքրքրությունները: Իսկ պատվիրակության անդամներին հետաքրքրում էր նաև համալսարանի ներքին և արտաքին կյանքը, ուսանողների ակնկալիքներն ու նպատակները:ԱրՊՀ ուսանողները ևս մի շարք հարցեր են ուղղել հյուրերին: Հարցին, թե արդյոք Արցախ այցելելու համար Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելու հավանականությունը չի մտահոգում հյուրերին, Շ. Թրյոբսթի պատասխանը միանշանակ է ու կարճՈչ»` հավելելով, սակայն, որ ավելի մտահոգիչ է Ադրբեջանի ծավալած քարոզչությունը, որին ուղղվում են մեծ միջոցներ:

Հանդիպման վերջում ռեկտոր Մ. Մինասյանը Արցախի մասին անգլալեզու գրականություն է նվիրել հյուրերին: