ԱՐՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

18.09

2018

IMG 3020   IMG 2994

IMG 3243    IMG 3310

Առաջին կուրսեցիների երդման արարողությունը մայր բուհի ավանդական միջոցառումներից է: Սեպտեմբերի 18-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանականներ:

Միջոցառումը մեկնարկեց ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով, որից հետո երդման տեքստն ընթերցելու պատիվը վերապահվեց բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Ավանեսյանին:IMG 2939

«Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»,-ասվում է ուսանողների երդման խոսքում:

Առաջին կուսեցիներին շնորհավորելու եկած նախարարներն ու բուհի ռեկտորը, համոզված լինելով, որ վերջիններս նոր շունչ են տալու համալսարանին, պատվով և արժանապատվությամբ են կրելու մայր բուհի ուսանողի կոչումը, հերթական անգամ կոչ արեցին չընկրկել գիտելիքներ ստանալու ճանապարհին և ուսումնառությունից քաղել առավելագույնը:

IMG 3099

«Այս սուրբ վայրում երդվել նշանակում է պարտավորվել ապրել նաև նահատակված ուսանողների կյանքով, սովորել նրանց փոխարեն, շարունակել նրանց պայքարը և տարբեր ոլորտներում ձեր հաջողություններով ամրագրել նրանց կռած հաղթանակները»,- ասել է Ն. Աղաբալյանը՝ շեշտելով, որ նրանք շրջադարձային փոփոխությունների ոչ միայն ականատեսը, այլև՝ անմիջական մասնակիցը պիտի լինեն:

ՄԵՀԶ նախարար Լ. Հովհաննիսյանն ընդգծեց այն, որ այսպիսի միջոցառումներով հիմք է դրվում գիտության, կրթության և այլ ոլորտներում ուսանողների ապագայի կերտման հիմնաքարը. «Մեր ապագան դուք եք, և տա΄ Աստված, որ կիսատ այն գործերը, որ թողել են նախորդ սերունդները, հաջողեք ի կատար ածել»:

Առաջին կուրսեցիների մուտքը մայր բուհ նման միջոցառումներով նշանավորելն ԱրՊՀ ռեկտորը պատահականություն չի համարում, ինչպես և պատահականություն չէ երդումն ինքնին:
IMG 3280

«Լիահույս եմ, որ այն երդումը, որ հնչեցրիք այս սուրբ վայրում, կուղեկցեն ձեզ ուսումնառության ողջ ընթացքում: Կհիշեք, որ միայն աշխատանքը և կրթությունը կարող են մարդուն գեղեցկացնել և ընդունելի դարձնել հասարակության համար», - ասել է ռեկտորը՝ երաշխավորելով, որ համալսարանի կոլեկտիվը միշտ աջակից է լինելու, որպեսզի ուսումնառության ընթացքում նրանք ստանան լիարժեք գիտելիքներ և ձևավորվեն իբրև քաղաքացի:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի ուղերձներից հետո ԿԳՍ և ՄԵՀԶ նախարարներն ու բուհի ռեկտորը ուսանողական գրքույկներ և տոմսեր են հանձնել ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած առաջին կուրսեցիներին:

Արարողությունը եզրափակվել է խորհրդանշական՝ «Երդմանը հավատարիմ» խորագրով պար- բեմադրությամբ: