ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ

19.09

2018

Meri

Գեղեցիկի հետ շփումը վեհացնում, ազնվացնում է հոգիդ, մոռանում ես կյանքի հոգսերն ու մանրախնդիր, ընչաքաղց մարդկանց պատճառած դառնությունները:Մոգական է գեղեցիկի ազդեցությունը:

Այս մտորումների մեջ  քայլերս ուղղում եմ դեպի կանաչապատ ու ծաղկաշատ պուրակ` հանգստություն որսալու, բայց չեմ հասկանում՝ ի՞նչ է ինձ մտահոգում ամենից առաջ...

Չզարմանաք, եթե ասեմ` ոչ այնքան կեղծիքը, որքան հանդուրժողականությունը դրա հանդեպ,   ոչ այնքան չարությունը, որքան դրա դեմ չպայքարելը, ոչ այնքան փառամոլությունը, որքան ուրիշի դափնիները գողանալը:

Եվ հանկարծ իմ այս խառն ու մոլոր մտքերը ցիրուցան եղան, երբ ես լսեցի քաղաքի փողոցով հոսող մարդկային օվկիանոսի հորձանուտով սահող նիհար ու ծեր կնոջ լացի ձայնը: Չկարողացա անտարբեր անցնել: Մոտեցա, հանգստացրեցի նրան, և մենք միասին մտանք պուրակ:

Կինը ամուր բռնել էր ձեռքիցս և այնպես էր վստահաբար քայլում ինձ հետ, կարծես իր թոռնուհին լինեի...

-Գիտե՞ս, աղջի՛կս, մի պահ ինձ թվաց, թե տղաս կանգնած է իմ դիմաց, և արտասվելով խնդրում է, որ գրկեմ իրեն, բայց երբ մի քայլ առաջ գնացի, նա չքացավ՝ ինձ կրկին իմ կարոտի հետ մենակ թողնելով: Մեկ-մեկ մտածում եմ՝ ե՞ս եմ շուտ ծնվել, թե՞ իմ կարոտը: Այն կարոտը, որն արդեն 27 տարի է կեղեքում է սիրտս, կսկիծ ու երգ դառնում:

Պատերազմից հետո, տղայիս անհայտ կորածների շարքին դասեցին, իմ միակ զավակին, իմ տան ճրագին... Եվ այդ օրվանից իմ կարոտի ծայրը չի երևում, վերջ չկա: Ամեն օրվա մեծ մասը անցկացնելով միայնակ՝ ես հասկանում եմ նորին մեծություն Կարոտի հազարաթև ու հազարերանգ լինելը. հասկանում և ինձ եմ վերագրում բոլոր որդեկորույս մայրերի ցավն ու վիշտը, նրանց տանջանքները, սպասումից մաշվող սրտերը և ամեն անգամ ցանկանում գնել բոլորից այդ սրտակեղեք ապրումները և հեռանալ անսահման հեռու` նրանց մի քիչ թեթևություն պարգևելով, սակայն զուր են այդ ջանքերն ու անհնար:

Լալիս էր կինը: Ինչպե՞ս կարող էի հանգստացնել նրան, եթե ես նույնպես չէի կարողանում զսպել ինձ: Մի քանի րոպե լուռ մնալուց հետո ես սրբեցի կնոջ արցունքներն ու նրան խնդրեցի երբեք չհուսահատվել, չհանձնվել, ապրել երազելով, քանզի այս կյանքը մի մեծ առեղծված է և հնարավոր է, որ վաղը հայրենի օջախի դուռը բացի հարենիքի զավակը:

Մայրամուտ էր: Օրն ավարտվեց` հին մտորումները հունցելով և նրանց խառնելով ևս մեկը: Քայլերս ուղղեցի տուն` գաղջ օդից շնչակտուր, հազիվ արտաբերելով աղոթքիս մրմունջները.

«Տեր ամենազոր, թող իրականան բոլոր այն երփնավառ երազները, որոնք ոչ միայն իմ, այլև համայն տիեզերքի լուսեղեն հույսերի զուլալ ակունքներ են:

             Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, լրագրություն 3-րդ կուրս

Обновлено 19.09.2018 12:36