ՔԱՐ ԿԱՐՈՏ

26.09

2018

val

Կուզես, կպատմեմ իմ պատմությունը, ու մի օր այն կդառնա նաև քո հիշողությունը:

Աշխարհում ու մի քաղաքում մի տնակ էր տարիներ շարունակ կանգուն: Ինձանից ծեր և գուցե նաև ձեզանից, տարիներից , թե դարերից մենակ էր ու քարոտ, տնակն այդ օտարոտ:

Առջևում՝ հենց տնակին կից բակում,փոքրիկ քարե նստավայր էր երևում: Ու երևի քարերն այդ, որ նստարան էին հիշեցնում, ժամանակին ինչ-որ մարդիկ էին զբաղեցնում: Ծերուկներ, որ նարդի էին շրխկացնում ու խեղճին ցավեցնում, կամ ինչ-որ մեկի տատիկը կնճռոտ, որ թոռան ճամփին էր նայում դարդոտ: Իսկ ես, ահա թե ինչ կպատմեմ՝ քարերի լեզուն, որ մի օր ես եմ հասկացել:

Տարիներ առաջ, տնակն այն անհոգի, ականատես եղավ մի մեծ պատրանքի: Ու կպատմեր փայտե ընկերդ քեզ, թե ժամանակին, երբ ամառվա կեզին, ծաղիկներն էին նույնիսկ թառամում, մի խենթ տղա ու աղջնակ էին սեր խաղում: Թե արև էր ու տոթ, ճանապարհը քարերին այնքան մոտ, գալիս էին նստում, ամեն ինչից էին խոսում ու հաճախ կիսատ թողնում, իրենց կյանքի մասին լուռ երազում, ու թե տնակում լույս էին նկատում, ապագան էին պատկերացնում: Որ ինչ-որ տեղ, մի բակում, կարևոր չէ՝որ աշխարհում, լինեին իրենք ու փոքրիկ տուն: Արևի մայր մտնելու նման ամառն էլ դարձավ հուշ աննման, աշունն ու անձրևն էլ քարերին դարձան, լուռ ահագնացան: Մրսում էր քարե բարեկամը, բայց տաքացնում էին իրենց սիրով հարազատին տղան ու աղջնակը, չէ՞ որ նստարանն այս հորինված իրենց սիրո վկան էր կոչված, որ պիտի փոքրիկ լիներ ու վեճերի ժամանակ մոտ նստեցներ, ու հիշեցներ դեռ շատ երկար, քանի դեռ կար...

Քարից ծնված, միայնակ կանգնած, սպասում էր իր մշտական հյուրին նստարանն այն ցուրտ ձմռան կեսին: Ու վերհիշում, ու վերապրում, թե ինչպես էին իրար նայում, խոսելիս էլ ՝ կարմրում: Թե ինչպես ամառվա տապին միայն ինքն էր տեղ տալիս զույգին, ու որոշել էր՝ ընտանիք հենց դառնան, կմեծանա «Քարե հսկան», որ տեղ տա ոչ միայն զույգին, նաև նրանց փոքրիկին: Հիշում էր՝ ինչպես ժամանակին, երբ տեսան իրեն ճանապարհին, նստեցին ու հասկացան, որ նստարան է սա, ոչ միայն քարե արձան:

Ինչ-որ տեղ, մի աշխարհում, որ քաղաք էր հիշեցնում, ապրում էին կողք կողքի, քարե նստարանն ու տնակն անոթի: Ու ինչ-որ տեղ, մի քաղաքում, որ երբեք աշխարհ չէր դառնում, ապրում էին այն աղջնակը ու խենթ տղան: Ու մեկը մեկից անտեղյակ, ու անծանոթ աշխարհին, ո՞վ կիմանար, թե ժամանակին ինչպես էին նվիրվում երազանքին: Դառնալով անցյալի մի մաս, ապագան գուշակելով, քայլում էին գիշերներով անհոգիները՝ զուսպ տառապելով:

Իսկ նստարանը, այնտեղ՝ հեռվու՜մ, հին օրերն է վերհիշում:

Վալենտինա ԳՐԻԳՈՐՅԱՆ, լրագրություն 4-րդ կուրս

 

Обновлено 26.09.2018 13:23