ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՆ ԱՐՊՀ-ՈՒՄ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԳՐՈՂ-ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՆԴԻՊՄԱՄԲ

09.10

2018

IMG 4584  IMG 4591

IMG 4619    IMG 4655

Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր, որի կապակցությամբ այս օրերին իրականացվում են տարաբնութ ծրագրեր: Անմասն չմնալով տոնի խորհրդից՝ ԱրՊՀ գիտական գրադարանը նախաձեռնել էր «Գրողը և ընթերցողը» խորագրով միջոցառում:

Հանդես գալով բացման խոսքով՝ ԱրՊՀ գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է օրվա խորհրդին, արժևորել գրքի և գրադարանի դերն ու նշանակությունը:

«Գրադարանավարի օրվա խորհուրդը գրքի արժևորումն է, ուստի պատահական չէ, որ այսօր նախաձեռնել ենք հանդիպում գիրք ստեղծողի և այն սպառողի միջև. գրողի և ընթերցողի միջև երկխոսությունը գրքի և ընթերցանության մասսայականացման լավագույն միջոցը կարող է լինել»,- ասել է գրադարանի պատասխանատուն:

Հանիպմանը հրավիրված տարբեր սերնդի գրողների, գրականագետների, գրադարանավարների, ուսանողների և ընթերցասեր հասարակության միջև ծավալված քննարկում-բանավեճն ընթացավ մի քան ուղղությամբ, որի առանցքում տևական ժամանակ թե´ գրողին և թե´ ընթերցողին հուզող հարցեր էին, թե որտե՞ղ է սկսվում և ավարտվում գրողի և ընթերցողի ժամանակը, ինչու՞ և ինչպե՞ս են ազդում տեղեկատվական տեխնոլոգիաները գիրք ընթերցելու վրա, տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրականություն, գրքի մասսայականացում և այլն:

Բանաստեղծ Սոկրատ Խանյանը, որ գրքի ավանդական՝ տպագիր, տարբերակի կողմնակիցներից է, գտնում է, որ գիրքը ազգի դիմագծի բաղկացուցիչներից է, և այսօր ստեղծվող գրականությամբ է վաղը տրվելու այս սերնդի դավանած արժեքների գնահատականը:

Նորեկ Գասպարյանը խոստովանեց, որ ստեղծվող գրականության քանակական կողմը երբեք չի գրավել նրան: «Կար ժամանակ, երբ ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյո՞ք գրքի ժամանակն է, արդյո՞ք այն, ինչ ես եմ ստեղծում, պետք է: Եվ այս հարցերի պատասխանը գտնելու համար ինձնից ավելի քան յոթ տարի պահանջվեց,-ասում է գրողն ու հավաստիացնում,- այո´, գրքի և գրականության պահանջ բոլոր ժամանակներում էլ կա»:

Ինչպե՞ս նպաստել գրքի մասսայականացմանը և ի՞նչ միջոցառումներ կազմակերպել այս ուղղությամբ հարցի պատասխանը միանշանակ էր. հեղինակը և ընթերցողը պարբերական հանդիպումերի և շփումների կարիք ունեն:

Գրողներից Կիմ Գաբրիելյանը գրական դաշտի բացթողում է գտնում գրաքննադատության բացակայությունը՝ նկատելով. «Մենք գրքից չենք հեռացել, մեզ հեռացրել են, և սա այն պատճառով, որ գրաքննադատությունը չի ուրվագծում զտարյուն գրողին խոտանից»:

Հանդիպման ընթացքում հրավիրված գրողները՝ Սոկրատ Խանյանը, Նորեկ Գասպարյանը, Կիմ Գաբրիելյանը, Համլետ Մարտիրոսյանը, Զինաիդա Բալայանը, Մհեր Հարությունյանը, Տաթևիկ Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Հերմինե Ավագյանը, ներկայացրին իրենց ստեղծագործություններից և գրքեր նվիրեցին գրադարանին:

Երիտասարդ ստեղծագործող, գրականագետ Զարինե Սառաջյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղեց գրքի պահպանման և քարոզման առաքելություն իրականացնող աշխատակիցներին և խորհրդանշական մեսրոպյան այբուբենի ասեղնագործը նվիրեց գրադարանին, ապա, ի նշան հարգանքի առ հայ ժողովրդի մեծ զավակ Շառլ Ազնավուրի հիշատակի, ընթերցեց մեծ շանսոնյեի բանաստեղծություններից:

Բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և երիտասարդ ստեղծագործողներ հանդես եկան իրենց և այլ հեղինակների ստեղծագործությունների ասմունքով: