ԼԻՆԵՆՔ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ՄԻՄՅԱՆՑ ԵՎՍ ԵՐՋԱՆԿԱՑՆԵՆՔ

10.10

2018

41991497 2177720492548198 8172665471082954752 n

Այնքան բարի, ջերմ ու պարզ են մեր պապիկներն ու տատիկները:

Ցավալի ու աններելի է, երբ ծնողները հրաժարվում են իրենց հարազատ երեխայից: Ցավալի ու աններելի է, երբ զավակը հրաժարվում է խնամել իր իսկ հարազատ ծնողին ու տանում է նրան ծերանոց:

 

Յուրաքանչյուր մարդ արժանի է երջանիկ լինելու, իսկ երջանկությունը ընտանիքում է կամ պարզապես հարազատների շրջապատում: Երեխաները պետք է մեծանան ծնողների կողմից սիրով փայփայված: Ծերերն էլ պիտի ապրեն իրենց զավակների ու թոռների շրջապատում: Հենց դա է երջանկությունը: Սակայն, ցավոք, ոչ բոլորն են երջանիկ:

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներով այցելեցինք Ստեփանակերտի «Տարեցների տուն-ինտերնատ»՝ մշակութային ծրագրով ու նվերներով:

Այնտեղ մտնելուն պես տարեցները մեզ ծափահարություններով դիմավորեցին: Թախիծ, տխրություն ու կարոտ կարդացի նրանց աչքերում:

Փոքրիկ դահլիճում մեզ հյուրընկալեցին այդ բարի ծերուկները: Համերգի ընթացքում նրանց տրամադրությունը բարձրացավ, նրանք մեզ հետ պարում ու երգում էին, կարծես թե մանկացել էին: Այնքան լավ ու աննկարագրելի պահ էր, երբ տեսա նրանց՝ ուրախությունից փայլող աչքերն ու դեմքից չհեռացող այն անհոգ ժպիտը, որը ամբողջ կյանքում չեմ մոռանա: Այնտեղից հեռանալիս բոլոր տարեցները մեզ ճանապարհեցին հարազատների պես՝ ոմանք նաև երգելով, շնորհակալություն հայտնեցին ու համբուրեցին մեզ՝ ուսանողներիս:

Հոգիս թեթևացած, բայց միևնույն պահին անբացատրելի ծանրացած հեռացա այնտեղից: Ճանապարհին մտորում էի, թե ինչպես կարելի է նրանց առօրյան միշտ այսպես հետաքրքիր դարձնել: Հիշեցի նաև մանկատան փոքրիկ հրեշտակներին, ովքեր ևս նման ուշադրության կարիք ունեն:

Վերջերս համացանցում հանդիպել էի մի նյութի, որի բովանդակությունը հետևյալն էր. ԱՄՆ-ում և Կանադայում հիանալի որոշում է ընդունվել` իրար միացնել ծերանոցն ու մանկատունը: Արդյունքը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Ծեր մարդիկ ձեռք բերեցին սիրող թոռներ, իսկ որբերը առաջին անգամ զգացին, թե ինչ է ծնողական սերն ու հոգատարությունը: Բժիշկները նշել են, որ ծերերի առողջությունը սկսել է լավանալ, նրանց աչքերը փայլում են ու նրանց մեջ նորից հետաքրքրություն առաջացավ կյանքի նկատմամբ: Իսկ երեխաները առաջին հերթին այլևս չէին կաշկանդվում, վախենում կամ տխրում, այլ վերածվեցին լիարժեք հոգեբանությամբ երեխաների: Ոմանք ձեռք բերեցին ընտանիք, որը երբեք չունեին, իսկ ոմանք էլ զգացին հարազատ օջախի ջերմությունը` լի զավակներով ու թոռներով:

Հիանալի որոշում է սա, իմ կարծիքով, որի շնորհիվ դժբախտ մանուկների և տարեցների թիվը երկրի վրա կնվազի: Չէ՞ որ երջանկությունը մանրուքներում է. լինենք երջանիկ ու միմյանց ևս երջանկացնենք:

Լրագրություն 3-րդ կուրս

Ինգա Գրիգորյան

Обновлено 10.10.2018 06:06
 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ