Սարերի շուրջպարում է նախկին Հադրութ ավանը, որ այժմ քաղաք է և շրջանի կենտրոն:Նրանցից մեկը Արևսարն է , որի փեշերին փռված է քաղաքամասերից մեկը:Մայրաքաղաք տանող ոչ այնքան բարեկառույց ճանապարհի աջ թևին է Մոսունց Մարգարի ավանդապաշտ օջախը, որ երկու աղջիկ և երեք տղա ուներ:
Մարգարը իսկական հայ է, տիպիկ ղարաբաղցի:Գյուղացիների շրջանում հայտնի էր որպես հանդուգն , կոպիտ , բայց միևնույն ժամանակ ճշտապահ ու օջախապաշտ մի մարդ:
Նրա պատկերացմամբ աղջիկը քայլելիս չպետք է գլուխը բարձրացներ, երբ տանը հյուրեր էին լինում, աղջիկ արմատը սովորական բարև-ից բացի ուրիշ ոչինչ իրավունք չուներ խոսել:
Մարգարը մի փոքրիկ արհեստանոց ուներ, որտեղ անցկացնում էր օրվա մեծ մասը:Կոշտացած մատները կարծես ցավ չէին զգում , երբ շփվում էին սուր գործիքների ծայրերին, կամ , երբ վառվում էին երկաթը տաքացնելիս:Աչքերը խիստ էին ու բարի, ծերացած ու մտահոգ, բայց դրանք աշխատասեր ու տանջված հայի աչքեր էին:
Աղջիկներին վաղուց էր ամուսնացրել, իսկ տղաները նոր էին հասունանում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ապա՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Տղաներից ավագը նշանված էր Հարզանդանց Սիմոնի աղջկա ՝ Սիրունի հետ:
-Հա , բալես,-ասաց հայրը,-պատերազմ է , ով իմանա՝ ինչ կլինի:
-Հա′յր , մի՞թե կարիք կա շտապելու:
-Պատերազմը սոսկալի բան է ,-անընդհատ ասում էր Մարգարը:
Ամուսնությունից 3 ամիս անց շարժումը վերաճեց պատերազմի, և պատերազմի առաջին զոհերից մեկը Մարգարի ավագ որդի Մուշեղը եղավ՝ անհայր թողնելով հետմահու ծնված զավակին , կնոջն էլ՝ այրի:
Որպեսզի հարսը այրի չմնա, տղան էլ՝ անհայր, Սիրունին ամուսնացրին միջնեկ որդու՝ Թաթուլի հետ:
-Այդպես լավ կլինի, չէ՞,-հարցրեց Մարգարը թևաթափ եղած կնոջը՝ նրան անվանելով Մոսու աղջիկ:
Թեև դժվարությամբ , բայց համաձայնեցին և′ մայրը, և′ տղան , և′ ինքը՝ Սիրունը:
Այն, ինչ եղավ մեկ տարի անց, ցնցեց ոչ միայն օջախը, այլև նրանց, ովքեր մոտ ու ծանոթ էին Մարգարի օջախին:
Երկրորդ որդու զոհվելու լուրից համարյա կաթվածահար եղան և′ Մարգարը, և′ կինը:Նայում էին երկրորդ թոռանը և արցունքվում, խոր գաղտնիությամբ, որ հարսը չնկատի:
Եվ դեռ վերքը գոնե մի թեթև չսպիացած Մարգարի համառությունը նորից արթնացավ՝ որպես կողահաստ ղարաբաղցի:Նա խորհում էր, թե զույգ եղբայրների զավակներին ով կարող է տիրություն անել, եթե ոչ նրանց կրտսեր եղբայրը:
Այս անգամ Սիրունին համոզելը Մարգարի կնոջը բաժին հասավ…
Եվ պատերազմի չարանենգ խաղը Սիրունին դարձրեց երեք եղբոր միակ կինը, որ ամեն եղբորից մինուճար զավակ ունի…
Ողբերգալի պատմություն է սա, բայց նաև ընտանիքի ամրության մի աննախադեպ օրինակ , որ սրբության իր անունն ունի…
Սա այն օջախն է , որի ղեկին ամուր, շատ ամուր այսօր էլ նստած է Մարգար պապը՝աչքը գալիք ճամփին մաշող.
«Հայի գենը դեռ կապրի…»
Էլլա Խաչիյան, լրագր. 3-րդ կուրս