Արցախի պետական համալսարան

43639669 589310744836632 1767430886854230016 n

Մենք իրար ճանաչում ենք կիսով չափ: Այն կեսով, որով նստած ենք իրար կողքի՝ կյանքի վանդակում: Ես եմ, նա ու մեզ չկերակրելու տգեղ ցուցանակը: Կյանքը պահում է մեզ այն պարտադիր պայմանով, որ դրսից նայողին զվարճացնեն ապրելու իմ փորձերը: Ծիծաղ է լսվում միայն վանդակի ներսում:

Նա ինձ չի նայում, իսկ ես զգում եմ ՝ մի քիչ էլ չնայի՝ կսիրահարվեմ: Այսպես կսկսվի միամիտն ու ճակատագրականը. իր սիրած գույնով կներկեմ մեր վանդակի ձողերը, կասեղնագործեմ շապիկս՝ լոգասենյակից երգվող բառերով: Ու կդառնամ գերու գերին:

Սեփական ընտրության վանդակում լավ է: Հարմար է բանտարկել քո միայն մեկ ես-ին: Իսկ հետո կենտրոնանալ նրա հերոսական փրկության վրա: Անտեսել այն հինգ «մարդկանց», որ դու ես, քոնն են և ապրում են այնքան ազատ, որքան սահմանափակում է քո անտարբերությունը:

Համառ կամակորությամբ կորցնում ես ինքդ քեզ, դառնում ամբողոջովին ինքը: Սովորում ես հետևել վանդակից դուրս քեզ նայողին, կասկածում, կարծում և անընդհատ պատմում տեսածդ ձողերի արանքում կուտակված փոշուն: Փաթեթավորում, փաթաթում ուրիշի ականջներին: Հանում ձեռքդ դուրս վանդակից` փորփրում աղբամանը. պատահական նետված ճիշտը գտնում հոտող ստերում: Համոզում քո լինելու կարևորության մեջ: Վանդակում են կամ յուրահատուկին կամ հատուկ վտանգավորին.պատահաբար թակարդվելով` ստիպված ես ձևանալ այդպիսինը:

Վանդակում լավ է. երեխաները երբեմն գալիս են քեզ նայելու: Կամ թաքուն կերակրելու քո վանդակակցին: Չնայած ձեզնից ամենասովածը միշտ դու ես լինում:

Նա կիսվում է քեզ հետ, բացում բերանը՝ մի պատառ կարծիք ծամելու, ու էլ չի լռում: Պարզ բառերի տեղատարափ հոսքով բեկում է ձեր վանդակի լարված օդը: Այդ բառերով ձնեմարդ սարքում քո գլխին: Իսկ դու պատրաստ ես աչքերդ հանել՝ տալ ձնե կույտին. առանց աչքերի մտածելը հեշտ է:

Եթե շատ մտածես՝ կհիշես, որ չես հաշվել ձեր համատեղ անազատության քանակը: Քանի օր է քո հարևանը փակված խցում, հնարավոր է՝ երկու կամ երկու շաբաթ: Հնարավոր է՝ նա չի լողացել ուղիղ վանդակային մի կյանքը, հնարավոր է՝ մինչև այստեղ հայտնվելն էլ չի լողացել: Սիրես նրան՝ կկեղտոտես ձեռքերդ:

Ես հենված եմ նրա ձախ ուսին: Այս տեսանկյունից նա գեղեցիկ է: Գեղեցիկ, բայց ` կեղտոտ: Կեղտոտ, բայց և` գեղեցիկ: Մի խոսքով՝ բարդ:

Նա թեքում է հայացքը վանդակից դուրս՝ նայելու քեզ նման տաղանդաշատ կամավորներին, որ սպասում են վանդակ մտնելու իրենց հերթին: Իսկ դու. «... չէ, չէ,չէ, միայն փորձիր»: Դու բարձր փռշտում ես՝ հիվանդոտ կեղծավորությամբ ուշադրությունը կենտրոնացնում քո հոգնած դեմքին, փորձում պահել այն հնարավորինս երկար:

Լրագրությունը նման է այն մարդուն, ում շատ ես հավանում, բայց շատ հավանելուց էլ՝ դժվարանում հարմարվել կամ հարմարեցնել:

Պահի տակ նյարդայնացնում է քեզ, քոս առաջացնում ուղեղիդ ծալքերի արանքում: Որովհետև վանդակվածին հասկանալը բարդ է, առավել բարդ, երբ պարզվում է՝ վանդակը հենց իրենն է: Թքած, նա այլընտրանք չունի, որովհետև,ըհը . ահա դուք, ահա քո ընտրությունը, ձեր այլանդակ ցուցանակը, շատախոս ինքը և անհանգիստ դու: Դու, որ փորձում ես փոքր քառակուսու մեջ գտնել խոհանոց, բաղնիք, ննջարան՝ քո բարդ հարևանի կարիքները հոգալու, նկատվելու, ընդունվելու համար:

Հետո թաքուն փնտրում վանդակի բանալին՝ արդեն քեզ համար. մարդ ես, պետք կգա:

Լրագրության հետ մի վանդակում դու սիրահարված ես ու հոգնած:

Շողեր ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրություն 2-րդ կուրս