Արցախի պետական համալսարան

43576873 241801206486711 2099328298583588864 n

Նրանք սովորական մահկանացուներիս նման չեն, որ վախենան մահից: Շատ լավ գիտակցում են իրենց կոչումը. այրվում են մարդկության համար ու սպառվում մոմի պես: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,- Շառլ դը Գոլը այս խորիմաստ արտահայտությամբ էր կանխատեսել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, բանաստեղծ Շառլ Ազնավուրի ապագան: Հանճար, որն իր առաքինությամբ ու անձնազոհ մարդասիրությամբ հավերժ կտիեզերանավի իր անմահության ծիրում: 

Մեծ հայի աստվածային ներշնչանքով ծնված տողերում զգացմունքների եռքն իր հետ բերում է բառաստեղծման ու պատկերաստեղծման հրաբխային լավա, գեղարվեստական անզուգական պատկերներ: Նրա ամեն մի ստեղծագործությունը գրական կերտվածք է, որ թե հույզերի հզորությամբ, թե մեղեդայնությամբ, թե արվեստով, հավասարը չունի, և որոնք ծնվել են հզոր ու անկեղծ ապրումներից, վերածվել պաշտամունքային կոթողների, հաստատվել աստվածային դրոշմովԱզնավուրին ճանաչել և շռնդալից ծափահարություններով ընդունել է ոչ միայն Փարիզը, այլև ամբողջ աշխարհը: Սակայն փառքը երբեք չի շփացրել մեծ երգչին. նա շարունակել է մնալ իր արվեստի անխոնջ մշակը և հենց դրա շնորհիվ էլ սրտեր է  գերել, հիացրել մարդկանց: Նրա լսարանում ամեն կրոնի, ամեն լեզվի տեր մարդիկ են եղել, և նա միշտ բաց է եղել իր երգը սիրող յուրաքանչյուրի առջև:

«Ի վերջո դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովութուն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»,- մի առիթով ասել էր Ազնավուրը` սիրո մեծագույն երգիչներից մեկը:

Նա միշտ հանդգնում էր սերը, կնոջը գովերգել այնպես, ինչպես ոչ ոք:

 «Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, լքել, պաշտել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին, խաբել եմ՝ նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ ... Ինչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»:

 Նրա բանաստեղծություններում սիրուց ծնվում են բարեգթությունը, կարեկցանքը: Անգամ դժբախտ սերը դառնում է մտքի թռիչքի, հոգու սլացքի ակունքը: Սիրահարը չնչին հրճվանքից թև է առնում, նույնքան չնչին առիթից` վշտի անձկության մեջ թաղվում:

Վազելով վաղանցիկ սերերի հետևից՝ բանաստեղծը մեծ ակնածանքով է բնութագրել կանանց: Նրա տողերում կնոջ նազանքը պչրանք չէ և պերճանքն աստվածատուր է:

Բանաստեղծի ստեղծագործություններում մեծ տեղ է զբաղեցնում մայրական քնարը:

«Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ»:

Մեծ հային ծնած կինը` Քնար Ազնավուրյանըեղեռնի տարիներին, 15 տարեկան հասակում, կորցրել էր ծնողներին, քրոջը, եղբայրներին, բայց սարսափներ տեսած կինը միշտ մնացել էր բարի, իմաստուն, զուրկ վրեժխնդրության զգացմունքից:

Ազնավուրն ասում էրՄայրս համեստ էրբայց կարեկցող և ամենահաս»:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո  ամբողջ աշխարհից օգնության բեռներ հոսեցին դեպի Հայաստան: Անթիվ-անհամար բարեգործների մեջ էր Ազնավուրը, որն առանձնանում էր թե իր մոտեցմամբ, թե անձնազոհ մարդասիրությամբ, թե բարեգործության մասշտաբներով: Նա ոչ միայն անձամբ այցելել էր աղետյալներին, այլև կազմակերպել էր ֆրանսահայության օգնությունը, ստեղծել «Ազնավուրը Հայաստանին»  հիմնադրամը` առատաձեռնությամբ վարակելով շատերին:

Իր ազնվական բարեգործությամբ նա սթափեցրել էր այն սփյուռքահայ մեծահարուստներին, ովքեր «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» նման էին ապրում:

«Իմ ճանապարհը հեշտ  ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- Ազնավուրն ասել էր իր մասին:

Կենդանի լեգենդն այլևս հավերժի ճամփորդ է, սակայն նրա թողած գրական ժառանգությունը մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենակատարյալ արարչագործություններից է` առինքնող, անմահ ...

Նրա՝ հայ լինելը հագեցնում է իմ ազգային արժանապատվության ծարավը...  Երանի նրանց, ովքեր ճանաչել են հանճարին:

                                                                                         Մերի Հարությունյան, լրագրություն 3-րդ կուրս