Արցախի պետական համալսարան

IMG 6176 IMG 6201

Հայրենասիրությունն է մարդկային առաքինությունների թագն ու պսակը: Հայրենիքի պաշտպանությունը, նրա ազատության ու անկախության համար պայքարելը ամենավեհ գործն է: Հենց այս գաղափարով են առաջնորդվել մեր հայրենապաշտ հերոսները, ովքեր, մի կողմ դնելով անձնականը, առանց մեկ վայրկյան անգամ կասկածելու, նետվում էին մարտի` հանուն հող հայրենիի պաշտպանության: Հայրենիքի  պաշտպանության սուրբ գործը կանչում էր հայրենանվեր հայորդիներին: Նրանք կռվեցին, շատերը` ընկան…

Քայլում ենք Մայր բուհի` ԱրՊՀ կանաչապատ պուրակով, և քայլերը մեզ տանում են դեպի սրբասուրբ մի վայր, որն անմահներինն է` հավերժական ներկաներինը, մեր աղոթատեղին, մեզ դեպի շարունակական արիության դասի մղողներինը:

Զ.Բալայանի ջանքերով կազմակերպվեց հիշատակի և խոնարհման միջոցառում` ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու, գրականություն և լրագրություն բաժնի ուսանողներիս մասնակցությամբ` «Արիության դաս» անվանումով: Արցախյան պայքարի նահատակ հայորդիների և ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին խոնարհեցինք թարմ ծաղիկներ և մոմավառությամբ հարգեցինք նրանց հիշատակը: Ուսանողների շուրթերից հնչեցին ինչպես խոնարհման և սփոփանքի խոսքեր, այնպես էլ` իմաստասիրական ասացումներ` Մեծն Նժդեհի պատգամներով, ապա նաև, հայրենասիրական կատարումներ` պարուրված լուսավոր ապագայի հույսերով:

Յուրաքանչյուրիս անբեկանելի պարտքն է ամեն խաղաղ բացվող առավոտ հիշել նրանց և աղոթել Աստծուն, որ այլևս փոթորիկ ու ամպրոպ չլինի հայրենի երկնակամարում, ցայգ ու այգերը լինեն խաղաղաբեր, որ նորից չցնցվի հայի այս մի բուռ հողը, որը մեր բյուրավոր նահատակների արյունով է մասունքված ու սրբացված: Նրանք` բոլոր ժամանակների հայրենիքի նահատակները, մեր չխամրող հիշողությունն են ու անանց հպարտությունը, ներկայությունը բոլոր ժամանակների:

Երդվում ենք, սիրելինե́րս,  հավատարիմ մնալ ձեր թողած պատգամներին ու աննվաճ պահել Հող հայրենին:

 

                                                              Լուսինե Օհանջանյան
                                                                 Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս