Արցախի պետական համալսարան

43660222 1890454167714734 4932816110354432000 n

Գալյայի հետ զրուցել է լրագրություն 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Մխիթարյանը: Համալսարանական կյանքի, երազանքների, նախասիրությունների մասին է զրույցը:

-Գալյա, սովորում ես ԱրՊՀ պատմաիրավագիտական ֆակուլտետի կերպարվեստ բաժնի 2-րդ կուրսում: Ի՞նչ տպավորություններ ունես համալսարանից: Ինչպե՞ս են անցնում ձեր ուսանողական օրերը։

-Ուսանողական կյանքը շատ հետաքրքիր է, բայց միաժամանակ՝ դժվար։ Իմ կարծիքով, ուսանողական կյանքը յուրաքանչյուրի համար էլ հիշարժան է, քանի որ այն մեր երիտասարդությունն է։ Համալսարանում շատ ջերմ մթնոլորտ է տիրում, ես ինձ լավ եմ զգում այստեղ. կա հնարավորություն՝ հաճելին ու արդյունավետը համատեղելու։ Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ ուսանողական հետաքրքիր օրեր ենք վայելում՝ հագեցած տարաբնույթ միջոցառումներով:

-Ի՞նչ երազանքներ, նպատակներ և նախասիրություններ ունես։

-Շատ երազանքներ եւ նպատակներ ունեմ, բայց դրանցից կնշեմ միայն մի քանիսը։ Երազում եմ դառնալ հայտնի նկարչուհի։ Իմ նկարներում ես կպատկերեմ Արցախ աշխարհի բնությունը եւ գեղատեսիլ վայրերը։ Նաեւ երազում եմ ճամփորդել։ Ես կարծրատիպերով չեմ ապրում և սխալ եմ համարում ապրել դրանցով, այն էլ՝ 21-րդ դարում:Սիրում եմ լսել ժամանակակից ռոք, փոփ երաժշտություն։ Հաճախում եմ նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն: Թումոյում ևս առօրյան շատ հետաքրքիր է անցնում: Ես այնտեղ նոր գիտելիքներ ձեռք բերեցի, ինչպես նաեւ նոր շրջապատ, նոր ընկերներ։ Մարզիչները շատ լավն են եւ բարեհամբույր: Միշտ մեզ օգնում են, երբ խնդիրներ են առաջանում համակարգչային ծրագրերի հետ կապված։ Խորհուրդ կտամ, որ պատանիները չերկմտեն, նրանք ևս հաճախեն Թումո։

-Ստեփանակերտը հարազատ քաղաք է բոլորիս համար: Բայց, խոստովանենք, որ մեզնից յուրաքանչյուրն իր փոքրիկ բաժինն ունի մեր քաղաքը ավելի լավը դարձնելու գործում:Ինչպիսի՞ փոփոխություններ կցանկանայիք, որ լինեն մեր քաղաքում։

-Մեր քաղաքը, իսկապես, շատ գեղեցիկ է իր բարձրահարկ շենքերով, քանդակներով, գիշերային լուսավորությամբ, շատրվաններով, գեղատեսիլ վայրերով։ Իմ կարծիքով, առաջնային պետք է պահպանենք մաքրությունը, որպեսզի այն ավելի գրավիչ լինի։ Ինչպես նաեւ ցանկանում եմ, որ հաճախակի կազմակերպվեն այնպիսի միջոցառումներ, որոնք կհետաքրքրեն երիտասարդներին եւ պատանիների: Ամենակարևոր երազանքը, որ փայփայում է յուրաքանչյուր հայ, դա խաղաղությունն է, որ հարատև լինի մեր երկրում: Մնացած խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն, եթե մեզնից յուրաքանչյուրն իր աշխատանքը լավ կատարի: Այս պահին մեր ամենակարևոր անելիքը լավ սովորելն ու լավ մասնագետ դառնալն է, ինչին էլ ես ուղղում եմ բոլոր ջանքերս:

Հարցազրույցը` Դիանա Մխիթարյանի, լրագրություն 1-ին կուրս: