Հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Ջրբաշյանին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են նաև ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներ:
Գիտաժողովը մեկնարկեց մաթեմատիկոսի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստով, որի ընթացքում Մխիթար Ջրբաշյանի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, հայտնի գիտնականներ, Մ․ Ջրբաշյանի աշակերտներն ու գիտական ուղղության շարունակողները։
Ականավոր գիտնականի հոբելյանին նվիրված միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցում է շուրջ 50 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հունաստանից և այլ երկրներից: Արցախի պետական համալսարանից միջազգային գիտաժողովին մասնակցում են մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը և նույն ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գուրգեն Նալբանդյանը: Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և Հայկական մաթեմատիկական միությունը, իսկ գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Հանրի Ներսիսյանը։
Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918թ․ սեպտեմբերի 11-ին՝ Երևանում, 1915թ․ ցեղասպանությունից փրկված և Վանից Երևան գաղթած Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941թթ․ սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1942-1945թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ դառնալով հայտնի մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի առաջին ասպիրանտը: 1945թ․-ին նա պաշտպանել է իր «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեկնածուական ատենախոսությունը, որը մաթեմատիկայի գծով առաջինն էր ԵՊՀ-ում։ Դրա արդյունքների ընդլայնման ու զարգացման շնորհիվ ընդամենը 4 տարի անց, 1949թ․-ին, 31 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է իր դոկտորական թեզը: 1953թ.-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956թ.-ին, 38 տարեկանում՝ ակադեմիկոս։ 1943թ․-ից Մ. Ջրբաշյանը դասավանդել է ԵՊՀ-ում, 1950թ.-ից եղել է ԵՊՀ պրոֆեսոր: 1945-ից նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ-ում: 1955-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։ Ջրբաշյանը շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Ջրբաշյանի ստացած արդյունքները ժամանակակից տեսական մաթեմատիկայի զարգացման կարևորագույն ուղղություններից են, նրա աշխատությունները միջազգային ճանաչում ունեն և աշխարհի ամենատարբեր երկրների մասնագետների կողմից հղվում ու զարգացվում են մինչ այսօր՝ իր մահից 24 տարի անց։ Մ․ Ջրբաշյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ձևավորված մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման, ինչպես նաև այդ դպրոցի միջազգային ճանաչման գործում: Մեծ է նրա վաստակը նաև բարձրագույն կրթության կազմակերպման, բարձր որակավորում ունեցող մաթեմատիկոսների պատրաստման գործում։ Մխիթար Ջրբաշյանի կյանքն ավարտվել է 1994 թ. մայիսի 6-ին, Երևանում: