Արցախի պետական համալսարան

karen

Ընթացիկ ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում գործում է կառուցվածքային նոր ստորաբաժանում`ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժին, որն այսուհետ համակարգելու է նաև շրջանավարտների և գործատուների հետ տարվող աշխատանքները: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը բաժնի պետ Կարեն Մեժլումյանի հետ:

-Պարո´ն Մեժլումյան, ուսանողների հետ տարվող աշխատանքների ծավալն ու բնույթը նորություն չեն, դրանք ընդամենը վերաձևակերպվել են: Որպես առանձին ստորաբաժանում` ինչպիսի՞ ռազմավարություն է որդեգրել բաժինը:

-Ուսանողների հետ տարվող աշխատանքները, այո, նոր չեն, սակայն բաժինը նորարար մոտեցման կողմնակից է և ընթացիկ տարում նախատեսել ենք նույն աշխատանքի նոր ձևաչափի ներդնում: Նկատի ունեմ՝ ակումբների (մարտական, ինտելեկտուալ, կամավորների, կինոսերների), խմբակների (ազգագրական պարերի, գրքասերների), հանրապետական և համալսարանական ծրագրերի կազմակերպում: Այսինքն՝ մեր ռազմավարության հիմքում ընկած է ուսանողության պոտենցիալի նպատակային ուղղորդումը:

-Այսօրվա երիտասարդը մոտիվացիայի աղբյուր է փնտրում: Ի՞նչ անելիքներ ունի բաժինը այս ուղղությամբ:

-Եթե երիտասարդն ուսանում է, նա ինքնին պիտի մոտիվացված լինի, բայց և չեմ ժխտում, որ բաժինն իր անելիքներն ունի: Այս առումով կարելի է առանձնացնել այն, որ բաժինը իր բոլոր նախաձեռնությունների հիմքում դնում է ուսանողության գաղափարները, ներգրավում նրանց տարաբնույթ միջոցառումներում, ծրագրերում, հասարակական աշխատանքներում: Միաժամանակ պետք է նշել, որ այսօր ուսանողի ձայնը լսելի է, նրա կողմից բարձրացված խնդիրն ու առաջադրված հարցերը ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչը մոտիվացիայի լավագույն աղբյուրներից է:

-Բաժինը զբաղվում է նաև կարիերայի հարցերով: Բուհ-գործատու գործակցության ուղղությամբ ի՞նչ անելիքներ եք տեսնում և ինչպիսի՞ միջոցառումներ եք նախատեսում:

-Կարիերայի ուղղությամբ տարվող աշխատանքները մի քանի ուղղություն են ենթադրում: Առաջին հերթին խնդիր ունենք ձևավորելու ԱրՊՀ ուսանողների և շրջանավարտների անձնական տվյալների էլեկտրոնային բազա, որի հիման վրա կձևակերպվեն մեր առաջնահերթությունները: Հաջորդիվ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնել թե΄ աշխատանք փնտրողների, թե΄ աշխատանք առաջարկողների շրջանում: Մի կողմից շրջանավարտների կարողություններն ու հմտությունները պետք է համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, մյուս կողմից՝ ուսումնասիրել աշխատաշուկան և ձևակերպել առաջնահերթություններ:

-Այս առումով, կարծում ենք, տեղին է անդրադառնալ նաև բուհի և նրա շրջանավարտի մրցունակության բարձրացմանը միտված միջոցառումներին:

-Բնականաբար, այս ուղղությամբ ևս անելիքներ կան: Նախատեսում ենք ոչ ֆորմալ ձևաչափով տեսական և գործնական դասընթացներ կազմակերպել առանձին խմբերի համար՝ ընդգրկելով տեղի և դրսի փորձառու մասնագետներին: Այս մեթոդը հնարավորություն կտա թողարկելու համակողմանիորեն պատրաստված մասնագետներ, որոնք պահանջարկ կունենան աշխատաշուկայում՝ այդպիսով նպաստելով բուհի վարկանիշի բարձրացմանը:

-Ի՞նչպես եք ապահովելու գործատու-շրջանավարտ կապը:

-Մենք, ըստ էության, կապող օղակ ենք հանդիսանալու շրջանավարտի ու գործատուի միջև և պարտավորվում ենք ինքներս ապահովելու այդ կապը՝ հնարավոր բոլոր խողովակներով: Առաջին քայլն արդեն արված է. բաժինը ֆեյսբուքյան էջ ունի, որի միջոցով հանրությունն իրազեկվելու է: Նշեմ, որ համալսարանի ղեկավարությունը գործատուների հետ պաշտոնական համագործակցության քայլեր է ձեռնարկում և, օգտվելով առիթից, կցանկանայի կոչ անել պետական և մասնավոր հատվածին` առավելագույնս աջակցելու այս աշխատանքներին:44052860 295081757994055 2439805238199189504 n