Արցախի պետական համալսարան

IMG 5420  IMG 5424

IMG 5457  IMG 5410

Այսօր ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է հայազգի օտարագիր անվանի գրող, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանին և Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ –Մարշալին: Հանդիպմանը քննարկվել են կրթական դաշտում հետագա գործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել անելիքներ:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Արցախ այցելելու համար` ԱրՊՀ ռեկտորն ընդգծել է նրանց հայանպաստ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցությունը հետագայում ևս շարունակելու` կրթական տարբեր ձևաչափերով:

Անդրադառնալով նախօրեին կայացած Շվոն Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսին` ռեկտորը կարևորել է հայոց ցեղասպանությանը նվիրված հեղինակի աշխատությունն ու նրա արժեքը` նշելով.«Վստահ եմ, որ այդ գիրքը գրելիս Դուք Ձեզ հայ եք զգացել: Բարձր եմ գնահատում Ձեր իմացությունների լայն հորիզոնը և այն մարդասիրական աշխատանքը, որ ծավալում եք գիտակրթական գործին զուգահեռ, ինչը տեսանելի է նաև Արցախում»:

Կարևորելով Անտոնիա Արսլանի գրականագիտական գործունեությունն ու հայոց պատմությունը գեղարվեստական գրականության միջոցով հանրահռչակելու և միջազգային հանրությանը իրազեկ դարձնելու առաքելությունը` ԱրՊՀ ռեկտորը նշել է. «Ընթերցելով Ձեր «Արտույտների ագարակը» գիրքը` համոզվում ենք, որ որքան էլ այդ գրքում հայրենասիրություն եք դրել, այն չեք հասցրել ազգայնամոլության: Գիրքը մարդասիրական շնչով է հագեցած: Ընթերցողը ատելությամբ լցվում է ոչ թե թուրք ժողովրդի հանդեպ, այլ` ցեղասպանությունը կազմակերպած թուրքերի հանդեպ»:

Շվոն Նաշ-Մարշալը իր հեղինակած գրքերից նվիրել է Արցախի մայր բուհին, իսկ Անտոնիա Արսլանը իր թարգմանությամբ լույս տեսած Դանիել Վարուժանի պոեզիան ամփոփող գիրք և Պադովայի համալսարանի կողմից հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը հավաստող խորհրդանշական նվեր է հանձնել ԱրՊՀ ռեկտորին: ԱրՊՀ ռեկտորն իր հերթին գրքեր, խորհրդանշական նվերներ է հանձնել հյուրերին: