ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՊՀ-ՈՒՄ Է

05.11

2018

IMG 7205  IMG 7233

IMG 7319  IMG 7334

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև ստորագրված հուշագրի շրջանակում նոյեմբերի 5-ին Արցախի մայր բուհ է այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմըֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ:

Այցի նպատակը մասնագիտական օժանդակություն ցուցաբերելն է Արցախի մայր բուհին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մեկ շաբաթ տևողությամբ դասախոսություն կվարի ԱրՊՀ իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողների համար` իրավաբանի մասնագիտական հմտություններ,մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշները ՀՀ քրեական դատավարությունում, կատարողական վարույթը ՀՀ-ում, աշխատանքային վեճեր դասընթացներից: Պատվիրակության կազմում են ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Դավիթ Ավետիսյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ,ի.գ.թ. Վահագն Գրիգորյանը, քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ. Տիգրան Խաչիկյանը:

Պատվիրակությանը նախ ընդունել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Գագիկ Ղազինյանին` իր գործունեության ընթացքում Արցախը մշտապես ուշադրության առանցքում պահելու և ԱրՊՀ իրավունքի ամբիոնին ուսումնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Ռեկտորը կարևորել է համագործակցության շրջանակում ԵՊՀ կողմից ԱրՊՀ-ում իրականացվող ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Հուշագրի համաձայն համագործակցությունը ենթադրում է գործընկեր բուհի կողմից օժանդակություն ԱրՊՀ-ին` մասնագետների պատրաստման գործում, համատեղ միջոցառումների իրականացում, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրում, ԵՊՀ մասնագետների կողմից ԱրՊՀ-ում դասընթացների անցկացում, ԱրՊՀ դասախոսական կազմի վերապատրաստում, ասպիրանտական եւ պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ գիտաժողովների կազմակերպում, միջազգային ծրագրերում ԱրՊՀ-ի ներկայացուցիչների ներգրավում:

Հանդիպման ընթացքում Գագիկ Ղազինյանն իր պատրաստակամությունն է հայտնել հուշագրի դրույթներն իրականացնելու գործում` նշելով. «Մենք առաջնորդվում ենք ԱրՊՀ և ԵՊՀ միջև կնքված հուշագրի դրույթներով, որը նախատեսում է բազմաբովանդակ օժանդակություն ԱրՊՀ իրավունքի ամբիոնին` մասնագիտության կայացման հարցում, որը ենթադրում է նաև նմանատիպ այցելություններ, մեր լավագույն մասնագետների կողմից դասախոսությունների կազմակերպում, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի միջոցով կադրերի պատրաստում, տաբեր միջոցառումներում ԱրՊՀ-ի ներգրավում: Մենք ԱրՊՀ իրավունքի ամբիոնը դիտարկում ենք որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոններից մեկը: Ցանկացած միջոցառում, որն իրականացնում է մեր ֆակուլտետը, պարտադիր հրավեր ստանում է նաև ԱրՊՀ իրավունքի ամբիոնը: Նպատակը մեկն է. բոլոր միջոցներով բովանդակային առումով մեր ֆակուլտետը նպաստի, կազմակերպական առումով` Արցախի Հանրապետությունը, որպեսզի այս մասնագիտությունը կայանա Արցախում: Արցախի Հանրապետության՝ որպես կայացող պետության համար կարևոր նշանակություն ունի լավ իրավաբանների առկայությունը՝ պայմանավորված երկրի ներսում առաջացող իրավահարաբերությունների կարգավորման մեջ նրանց դերակատարության անհրաժեշտությամբ»:

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Ռիտա Առուստամյանը, խոսելով համագործակցության հուշագրի մասին, նշել է, որ փուլ առ փուլ կիրառվում են հուշագրի կետերը, և արդեն ավանդույթ են դարձել ԵՊՀ լավագույն մասնագետների այցելություններն Արցախ ու ԱրՊՀ իրավունքի ամբիոնում դասախոսություններով հանդես գալը: