ԱրՊՀ հայ գրականության և լրագրության ամբիոնի մի խումբ դասախոսներ նոյեմբերի 2-ից 4-ը Վանաձորի պետական համալսարանում մասնակցել են գրականագետ Մելս Սանթոյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:
ԱրՊՀ պրոֆեսոր Սոկրատ Խանյանը գիտաժողովի բացման խոսքում արժևորել է Մ. Սանթոյանի վաստակն ու գրական ուղին, Արցախյան գոյապայքարի տարիներին նրա ներդրումը կադրերի պատրաստման գործում, երբ վերջինս իր ընկերների հետ կազմակերպում էր Արցախից Վանաձոր տեղափոխված ուսանողների ուսումնական գործընթացը: Պրոֆեսոր Ս. Խանյանը, որ անվանի գրականագետի հետ աշխատել և մտերիմ է եղել, ի լրումն ասվածի, մեջբերում է պատառիկներ իրեն ուղղված Սանթոյանի նամակներից:
«Հոբելյանական տարելիցներին նվիրված գիտաժողովի կազմակերպումը ոչ միայն հարգանքի տուրք է վաստակաշատ գրականագետի հիշատակին, այլև արդի գրականագիտության հիմնախնդիրների վերհանման հնարավորություն: Ասել է թե՝ հետմահու նրանք շարունակում են հովանավորել գրականությունն ու գրականագիտությամբ զբաղվողներին»,- ասել է Ս. Խանյանը:
Գիտաժողովի ընթացքում գրականագիտական ուսումնասիրություններով հանդես են եկել նաև գրականության և լրագրության ամբիոնի դոցենտներ Սիրուն Բաղդասարյանը, Զինաիդա Բալայանը, Սիլվա Խաչատրյանը և մագիստրանտ Անահիտ Հայրապետյանը: