EPNK ծրագրի շրջանակում Արցախում գործող «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը բրիտանական International Alert ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ ԱրՊՀ լրագրության բաժնում իրականացնում է մուլտիմեդիա դասընթացների շարք:
Հոկտեմբերից մեկնարկած դասընթացների շրջանակներում նախատեսվում է մասնակիցներին ծանոթացնել մեդիագրագիտության հիմնական սկզբունքներին, մուլտիմեդիայի ստեղծմանն ու տարածմանը, անվտանգության և տեղեկությունների ստուգման կանոններին՝ կիրառելով մուլտիմեդիա ժամանակակից գործիքներ:
«Հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունը՝ նպատակ ունենք ապագա լրագրողներին ծանոթացնել ժամանակակից մեդիայի հետ աշխատելու արդյունավետ միջոցներին և եղանակներին՝ միաժամանակ նրանց մասնագիտական զարգացման համար ստեղծելով հավասար հնարավորություններ»,- նպատակը մանրամասնում է ծրագրի համակարգող Անահիտ Դանիելյանը:
Դասընթացները վարում են Երևանում գործող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մասնագետները, որոնք կենտրոնի ստեղծագործական և նորարարական մոտեցումների կիրառմամբ իրականացնում են ազատ և անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով հասարակության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը նպաստող առաքելություն:
Առաջին դասընթացը վարում էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը՝ համանուն թեմայով: Նույն կենտրոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը երկրորդ դասընթացի շրջանակներում ուսանողներին ներկայացրել է առցանց գործիքների միջոցով անհատական և ընդհանուր հարթակներում մեդիայի ասելիքը գրագետ տեղ հասցնելու եղանակները: Թեմայի շրջանակներում ուսանողներին հանձնարարվել են խմբային կամ անհատական գործնական աշխատանքներ, որոնք հրապարակվել են Wordpress հարթակում: