ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ

20.11

2018

46517268 505015323242457 8767259575310090240 n  karmir

Նոյեմբերի 16-18-ը Հայկական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ Աղվերանում կայացել է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ դատախաղ-մրցույթ, որին մասնակցել են հայաստանյան բուհերի և ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողներից բաղկացած թիմեր: ԱրՊՀ թիմը դատախաղ-մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն ԵՊՀ թիմին:

Դատախաղ-մրցույթի նպատակն է տեսական դասընթացների և գործնական առաջադրանքների միջոցով խորացնել Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ապագա իրավաբանների գիտելիքները:

ԱրՊՀ թիմի կազմում էին իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Նոննա Սաղյանը, Ալիսա Սարգսյանը և իրավագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Գասպարյանը: ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը նշում է, որ ամբիոնը շուրջ 20 տարի է համագործակցում է ՀԿԽՄԿ Արցախի ներկայացուցչության հետ:

«Հպարտ եմ, որ մեր ուսանողները 9 ուժեղ թիմերի հետ մրցակցության արդյունքում ցուցաբերել են գիտելիքների բարձր իմացություն և գործնականում չունենալով փորձ` կարողացել են ճիշտ և գրագետ ներկայացնել դատավարության ընթացքը` բարձր պահելով նաև Արցախի պետական համալսարանի անունը: Ուրախ եմ նաև, որ լավագույն ավանդույթները շարունակվում են` բարձր իմացություն ունեցող սովորողների սերնդափոխության առումով»:

Դատախաղ-մրցույթում ԱրՊՀ ուսանողուհի Նոննա Սաղյանը, ով նաև ճանաչվել է դատախաղի «Լավագույն հռետոր», կարևորելով միջազգային նման մրցույթներին ԱրՊՀ մասնակցությունը, նշում է.«Մրցույթը վերաբերում էր միջազգային մարդասիրական իրավունքին, որը կիրառվում է զինված հակամարտությունների գոտում: Իսկ մեր մասնակցությունը կարևորվում է նաև նրանով, որ մենք գտնվում ենք կոնֆլիկտի գոտում: Նման միջոցառումներին մասնակցելով նաև ուսումնասիրում ենք միջազգային իրավական փաստաթղթերը` հարստացնելով մեր իմացությունների շրջանակը, ինչպես նաև տեսական գիտելիքների յուրացմամբ կարողանում ենք այն կիրառել գործնականում»: