ԴԻՐՔԸ ՊԱՀՎԱԾ ԷՐ, ԹՇՆԱՄԻՆ` ՈՉՆՉԱՑՎԱԾ

21.11

2018

46440197 283665892285260 6371789484916211712 n

Նա չի սիրում, երբ խոսում են պատերազմի մասին, առավել ևս` իր անցած ուղուց: Իսկ երբ ինչ-որ հարց են տալիս պատերազմից, նա խոնարհում է իր աչքերը և հոնքերի տակ ծվարած կնճիռները հանգիստ նստում են նրա աչքերին: Մի քանի վայրկյան, ու նա նորից բարձրացնում է աչքերը և այնտեղ՝ աչքերի խորքում, որը պատերազմի դաշտ է հիշեցնում, սկսում է ինչ-որ արտասովոր բան բոցկլտալ: Ո՛չ, դրանք արցունքներ չեն, այլ վրեժով լցված մի ամբողջություն, որը նրա դեմքին ինչ-որ անծանոթ երանգներ էր տալիս:

 Հանկարծ նա սկսեց քայլել ու ցույց տալով մի բարձունք պատմեց.46444457 258419095030935 1210992503285612544 n

-Իմ դիրքն է: Ես ու ընկերս պատերազմի ժամանակ երկուսով էինք այստեղ: Գիշերը թուրքերը հարձակվեցին մեր դիրքի վրա: Արկերի ու փամփուշտների տեղատարափ սկսվեց: Փամփուշտներից մեկն էլ կպավ իմ ընկերոջն ու նա վիրավորվեց: Ես սկսեցի մենակ պայքարել: Դիրքն արդեն շրջափակման մեջ էր: Մի պահ հիշեցի մորս, որ տանը ինձ էր սպասում, ու մտքում ներողություն խնդրեցի նրանից, որ ինձ այլևս չի տեսնելու: Ես վերցրեցի նռնականետս ու սկսեցի կրակել թշնամու ուղղությամբ: Մտքովս անցավ` գուցե վերջին անգա՞մ եմ վերցնում իմ ընկերոջ նռնականետը: Սակայն վախկոտները, որոնք թվով ու տեխնիկայով գերազանցում էին՝ ետ շպրտվեցին: Քիչ հետո, երբ փոքր-ինչ խաղաղվել էր, օգնության եկան մարտական ընկերներս ու մի լավ դաս տվեցինք թշնամուն: Դիրքը պահված էր, թշնամին ոչնչացված:

Նրա ընկերները պատմում են, որ այդ օրը՝ փետրվարի 1-ը, նրա երկրորդ ծննդյան օրն է: Դրանից հետո, երբ ամենաթեժ դիրքերն էինք բարձրանում, մեկը մյուսի հետ կռվում էին , թե ով պիտի Աբոյի հետ դիրքեր բարձրանա:

-Փետրվարյան այդ մարտերից հետո ինձ օգնության հասած տղաներից մեկը, որպես մատաղ` մի ոչխար էր խոստացել, բայց մինչև այսօր չի տվել,- կատակում է Աբոն:

Նրա կատակի ու ծիծաղի մեջ կա պատերազմից մնացած թախիծ ու անբացատրելի կարոտ: Այդ կարոտը նա ավելի շատ տածում է Ավոյի հանդեպ, ում հետ միասին բախտ էր վիճակվել կռվել: Կռիվներից մեկի ժամանակ էլ Աբոն իր նռնականետով այնքան դիպուկ խփեց թշնամու զրահատեխնիկային, որ Ավոն համբուրեց նրա ճակատը, իսկ հաջորդ օրը մի վերնաշապիկ նվիրեց նրան:

-Դե կռվի ժամանակ վերնաշապիկ նվեր ստանալը թանկ հաճույք էր, ինձ համար կրկնակի հաճելի էր, քանի որ Ավոն էր նվիրողը:

Իսկ երբ Աբոյից հարցնում են, թե ինչո՞ւ մերժեց ճոխ պաշտոնների ու կոչումների առաջարկը, նա պատասխանում է.

-Ինձ համար ամենաճոխ կոչումն այն է , որ իմ մասին գիտեն ու խոսում են որպես կռված տղա, դրանից ճոխ էլ ի՞նչ կոչում:

Պատերազմից տարիներ անց Աբոյի դեմքին շատ բաներ են փոխվել, կնճիռներ են առաջացել, մազերն են ճերմակել, բայց չի փոխվել ոչինչ նրա հոգում: Նա նույն հայրենասերն ու ազգասերն է մնացել, ինչպիսին որ կար 30 տարի առաջ:

2016 թվականի պատերազմը տարբերվում էր նրա անցած մյուս պատերազմներից: Այս անգամ հեռավոր դիրքերում իր տղան էր արդեն կրկնում հոր սխրանքները: Այդ սխրանքների մասին հերոսավայել շշուկներ են պտտվում, բայց տղան էլ հոր նման չի սիրում խոսել այդ մասին:

Արև ԲԱԲԱՅԱՆ, լրագրություն 3-րդ կուրս

Обновлено 21.11.2018 05:28