Արցախի պետական համալսարան

       2010 տարին մեզանից յուրաքանչյուրի համար տարբեր կերպ է դասավորվել. ոմանց ժպտացել է երկար ու սպասված հաջողությունը,որոշները բախվել են իրենց համար անկանխատեսելի հանգամանքների, մյուսների համար էլ 2010-ը անձնական, ծառայողական կյանքում էական փոփոխություն չի մտցրել: Մայր բուհը ոչ միայն որոշակի աշխատանք է տարել կրթության ու դաստիարակության, գիտելիքների ձեռքբերման գործում, այլև միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցության լուրջ քայլեր է արել, որի նպատակը բուհը գիտության աշխարհում տեղի ունեցող նշանակալից գործընթացներին ինտեգրելն է: 2009-2010 ուսումնական տարում համալսարանում սովորում էր 4017 ուսանող` շուրջ 30 մասնագիտությամբ, որից 2459-ը` առկա, իսկ 1558-ը` հեռակա բաժնում: Պետպատվերի շրջանակներում սովորում էր 813 հոգի: Մագիստրոսական ուսուցմամբ ընդգրկված է 394 մագիստրանտ` 32 մասնագիտությամբ, որից 201-ը` պետպատվերի համակարգում, 193-ը` վճարովի:

Համալսարանում ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան` կրեդիտային համակարգով: Ընթացիկ ուսումնական տարում նշված համակարգին է անցել նաև մագիստրատուրայի բաժինը: Ուսումնասիրելով ՀՀ պետական բուհերի փորձը` մենք տեղայնացրինք և մշակեցինք մերը` ավելի մատչելի դարձնելով ուսանողության համար: Արդեն երրորդ տարին է` համալսարանն աշխատում է ուսուցման նոր համակարգով, և այսօր հստակ կարող ենք փաստել, որ կրեդիտային համակարգն առավել նպատակային է ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Ուսանողի գիտելիքների պարբերաբար գնահատումը ստուգարքի ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում և քննության ձևով` երկու ամիսը մեկ անգամ, ստիպում է ուսանողին և դասախոսին անընդհատ աշխատել: Եթե նախկինում ավանդական ուսումնական գործընթացի արդյունքները հնարավոր էր վերահսկել կիսամյակից կիսամյակ, ապա այժմ յուրաքանչյուր ամիս ռեկտորատի նիստում ամփոփվում են ուսումնական գործընթացի արդյունքները և ընդունվում համապատասխան որոշումներ: Ուսուցման առկա բաժնի 2459 ուսանողից 355-ը ցուցաբերել է ՙգերազանց՚ առաջադիմություն: ՙԳերազանց՚ և ՙլավ՚ գնահատականներով ուսանողների թիվը կազմում է 406 հոգի: 1410 ուսանող սովորում է խառը գնահատականներով: Անցած տարում ստեղծվել են նոր ֆակուլտետներ. հաշվի առնելով հումանիտար ֆակուլտետում ընդգրկված մասնագիտությունների քանակը, ինչպես նաև` ուսանողների թիվը, նշված ֆակուլտետը բաժանվել է երկու մասի, ստեղծվել պատմա-քաղաքագիտության և մանկավարժության ֆակուլտետներ: Հարկ եմ համարում նշել, որ մեր տեսադաշտից դուրս չեն մնում ուսանողների սոցիալական վիճակի բարելավման խնդիրները: Համալսարանում գործում է ուսման վճարների փոխհատուցման և զեղչերի համակարգ` հաստատված ինչպես կառավարության, այնպես էլ համալսարանի կողմից: Ուսանողները, ըստ ընտրած մասնագիտության, փորձուսուցում են անցնում ժողովրդական տնտեսության, կրթության, դատաիրավական համակարգերում: Փորձուսուցում կազմակերպում ենք ոչ միայն մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում, այլև շրջաններում, հատկապես այն գյուղերում, որտեղից տվյալ ուսանողները հատուկ ուղեգրերով բուհ են ընդունվել, ինչպես նաև` ՀՀ շրջաններում ու Երևանում: Շահագործման է հանձնվել բուհի տեղեկատվական ավտոմատացված ներքին ցանցը` ապահովելու ռեկտորատ-համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ կապը: Համալսարանի զարգացման ծրագրի շրջանակներում անելիքներ դեռ շատ ունենք: Միահերթ և հնգօրյա աշխատանքային շաբաթվան անցնելու կապացությամբ աշխատանքներ պետք է տանենք լսարանային ֆոնդի ավելացման, նորոգման և կահույքի ձեռք բերման ուղղությամբ: